Հունվարի 23-ից Հայաստանում են ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների կամ պրոֆեսիոնալ լիգաների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նպատակը ֆուտբոլային համագործակցության հուշագրի ստորագրումն է:
Հունվարի 24-ին ՀՖՖ գրասենյակում կայացած հանդիպմանր ՀՖՖ-ն ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ ավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը: Հյուրերի թվում էին Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի (ՌՊԼ) Գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը և ՌՊԼ Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ելենա Կոբակը, Ղազախստանի Պրեմիեր Լիգայի նախագահ Օլժաս Աբրաևը, Բելառուսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Ասոցիացիայի Մրցումների կազմակերպման բաժնի ղեկավար Իգոր Ցապլյուկը, Ղրղզստանի Ֆուտբոլային լիգայի նախագահ Նուրբեկ Ատականովը և Ղրղզստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դաստանբեկ Կոնոկբաևը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ֆուտբոլային տարբեր բնագավառներում (մարզչական կրթություն, մանկապատանեկան ֆուտբոլ, ֆուտզալ և կանանց ֆուտբոլ, երկրպագուների հետ տարվող աշխատանքներ և այլն) փոխհամագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Պրոֆեսիոնալ Լիգայի հետ կապված տարբեր մանրամասների քննարկմանը:
Այնուհետև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Ղազախստանի, Ղրզզստանի և Բելառուսի վերոնշյալ ներկայացուցիչների հետ: ՌՊԼ գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը հայտարարեց, որ իրենք ոչ մի առարկություն չունեն՝ կապված հուշագրի հետ, բայց ՌՊԼ նախագահ Սերգեյ Պրյադկինը ցանկություն է հայտնել անձամբ ստորագրել այն, հավանաբար՝ կողմերի միջև հաջորդ հանդիպման ընթացքում:
Չեբանը նաև հաստատեց, որ, անկախ հուշագրի ստորագրումից, հաշվի առնելով ՌԴ Սպորտի նախարարի հրամանը, 2020 թ. հուլիսի 1-ից հայ ֆուտբոլիստները չեն համարվի «լեգեոներ» Ռուսաստանում:
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։