Այն մարդը, որը տարբեր բնույթի վիրավորանքներ է հնչեցնում իշխանության հասցեին, քաղաքական գործիչ չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եկեք տարբերենք քաղաքական գործիչներին և համացանցում քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին: Ուստի քաղաքական հետապնդումներից խոսելը և գնահատականներ տալը…հորդորում եմ տարբերել քաղաքականը ոչ քաղաքականից»,-ասաց նա՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկմանը և կարծիքներին, թե իրենց հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ երբ մի վատ բան է լինում, անպայման հարցադրում է հնչում՝ որտե՞ղ էր ոստիկանությունը․ այն ունի նաև կանխարգելիչ գործառույթ:
«Ձեր նշած անձինք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով, որոնց կարող եք ականատես լինել բոլոր տեղերում: Իրենց հետ կապված եղել է տեղեկություն, ոստիկանությունն էլ գործել է ըստ իր իրավունքների: Եղել են բռնության հետ կապված նաև դրվագներ, օրինակ՝ դեպք է եղել, որը մամուլում տպվել է, երբ Արթուր Իսպիրյանը Կասկադում իր ընտանիքի հետ քայլելիս է եղել»,-հավելեց նա։