Չինաստանում Apple-ի մատակարար ձեռնարկությունների աշխատանքներում առաջացած բարդությունների պատճառով iPhone-ի համաշխարհային մատակարարումները ժամանակավորապես կսահմանափակվեն: Այդ բարդությունների պատճառը կորոնավիրուսի ստեղծած համընդհանուր ճգնաժամային իրավիճակն է: Այդ մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ հայտարարության՝ Չինաստանում պահանջարկի նվազման պատճառով Apple-ի եկամուտներն ընթացիկ եռամսյակում ավելի ցածր կլինեն նախկինում հայտարարված կանխատեսվող ցուցանիշներից:
«Չինաստանում մեր բոլոր խանութները, ինչպես նաև գործընկեր խանութներից շատերը փակվել են: Բացի դրանից՝ բաց խանութներն աշխատում են կրճատված ժամերով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հավաստիացրել է, որ Չինաստանում մանրածախ առևտրի կենտրոնները առաջին հնարավորության դեպքում կվերաբացվեն:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: