ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալներ Պավել Մանուկյանի ու Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց փոխել Բիլյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ: Պավել Մանուկյանն էլ իր կողմից ավելացրեց, որ «Բիլյանը հայրենիքն նվիրված մարդ է, այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայ ազգի մասին մտահոգ քաղաքացի է և կատարել է իր սրբազան պարտքը»: Սակայն թե՛ պետական մեղադրողները, թե՛ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին դեմ էին, որ Բիլյանի կալանքը փոխվի: Ոստիկանի այրին մասնավորապես ասաց.
«Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Ինձ հետաքրքիր չի` վնասվածքը եղել է իր կողմից, թե մեկ ուրիշի: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել, 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել: Ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է` ինչպես է վնասվածք ստացել: Գնդակը թևից մտել է, որովայնի մյուս կողմից դուրս է եկել: Առարկում եմ միջնորդության դեմ»:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, թե Գագիկ Մկրտչյանին սպանողը Արմեն Բիլյանը չէ:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց այս միջնորդությունը:
Հաղորդում է shantnews.am-ը։