Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ Քաշաթաղի ինքնամեկուսացած Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում ապահովվելու են անհրաժեշտ պարենամթերքով:
«Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով:
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ համայնքին արդեն տրամադրել է 15 օրվա պարենամթերք, իսկ մյուս համայնքներին կհատկացվի առաջիկա օրերին:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վերոնշյալ համայնքներում իրականացնում է մեքենաների ախտահանման աշխատանքներ, իսկ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ից լրացուցիչ ճշտում են վարակակիրների հետ շփման մեջ գտնվող բոլոր խմբերը, ախտահանիչ աշխատանքներ իրականացնում տեղի բնակիչների առանձնատներում, հասարակական օբյեկտներում, ինչպես նաև՝ տրամադրում հիգիենայի պարագաներ:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թեստավորված երկու քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:
Այս պահին առողջապահական բուժհաստատություններում (Քաշաթաղի բուժմիավորում) մեկուսացված 4 քաղաքացիներ կան՝ կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին՝ առաջին վարակակրի հարսը, նրա երկու երեխաները, ամուսնու հայրը: Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:
Իսկ կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի է՝ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Վերջինս Արցախի որևէ բնակավայրում կանգ չի առել, շփման շրջանակը հիմնականում ՀՀ-ից է, իսկ անցակետում նրա հետ առնչված բուժաշխատողները եղել են պաշտպանիչ պարագաներով: Նրա ինքնամեկուսացումն իրականացվել է բուժաշխատողների կողմից, որոնք եղել են համապատասխան պաշտպանիչ արտահագուստով: Քաղաքացին եղել է առանձին՝ ինքնամեկուսացման համար նախատեսված վայրում և ապահովված եղել անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենայի պարագաներով:
Առողջապահության նախարարությունը ինքնամեկուսացված համայնքներում իրականացնում է շուրջօրյա բուժծառայություն:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»։
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/124672679173521/?type=3&theater