Կորոնավիրուսի տարածման կանխումից մինչև հրդեհների դեմ պայքար. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՓԾ ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ:
Փրկարարական վարչությունների ղեկավարները տեսակապով զեկուցել են մարզերում տիրող իրավիճակի մասին, ներկայացրել իրենց կողմից կատարվող գործողությունները: Նախարար Ցոլակյանը հանձնարարել է առավելագույն զգոնություն ցուցաբերել կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում: Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ հրդեհների թիվն է ավելանում: Հրշեջ-փրկարարական ջոկատները պետք է պատրաստ լինեն:
Նախարարը շեշտել է, որ այս պահի դրությամբ փրկարարական վարչություններում որևէ խնդիր չկա, որը կխանգարի աշխատանքների պատշաճ իրականացմանը: «Մենք պետք է կարողանանք այս ամառն անցկացնենք անփորձանք: Լրջորեն պատրաստվեք ձեր գործողությունների իրականացմանը, արհեստավարժ և սրտացավ մոտեցում ցուցաբերեք ցանկացած իրավիճակում»,-ասել է նախարարը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։