ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները:
Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների պատգամավորական պատվիրակությունների սերտ համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձևավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել ընդլայնմանը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի Սենատի կողմից համաձայնագրի վավերացումը 2018 թ. մայիսի 17-ին և հույս հայտնել, որ Պատգամավորների պալատը ևս չի ուշացնի փաստաթղթի ընդունումը:
Պետր Միկիսկան Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի նախագահների շնորհավորագրերը:
Դեսպանը կարևորել է Հայաստանում անցկացված արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրությունները, որի արդյունքում ձևավորվել է ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ Պետր Միկիսկան արժևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման գործում: Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման շուրջ: