fbpx
Հասարակություն

Գեղարքունիքի մարզում քրեական գործ է հարուցվել

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում պոմպակայանն ապամոնտաժելիս հոսանքահարվել է 28-ամյա Գոռ Մոմչյանը: Գոռին աշխատանքը կատարելու էր տարել Վարդենիսի ջրօգտագործողների ընկերության տեղի մասնագետ Արա Մելքոնյանը: Երիտասարդի հարազատները նրան են մեղադրում կատարվածի մեջ, ասում են՝ նրա անփութության հետեւանքով է:

Մեծ Մասրիկ գյուղի արտեզյան խորքային հորի վրա տեղադրված պոմպակայանի ապամոնտաժման աշխատանքները երկար տարիներ իրականացրել է Գոռի հայրը՝ Ռուբեն Մոմչյանը, սակայն այդ անգամ աշխատանքը կատարելու համար որդին է գնացել: Հարգելի պատճառներով Ռուբեն Մոմչյանը չի կարողացել գնալ:

Մահացած 28-ամյա երիտասարդի մորեղբայրը`Հայկասատ Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքից 10 օր առաջ էլ Գոռի մայրն էր մահացել:

«Ամսի 10-ին քույրս հանկարծամահ եղավ: Քրոջս ամուսինն է երկար տարիներ աշխատել, բայց նրա փոխարեն այդ օրը տղային են տարել: Նրանք չորս եղբայր են, մոր մահից հետո վշտի մեջ գտնվող տղաներին Արա Մելքոնյանը հերթով համոզել է, որ տանի, կանչել է՝ չեն գնացել: Բազմաթիվ անգամ զանգելով, զզվացնելով փոքրին կարողացել է փաստորեն տանել»,- պատմեց Հայկասատ Մանուկյանը:

Ողբերգությունից հետո է պարզվել, որ նախքան պոմպակայանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելը տվյալ ենթակայանը հոսանքազրկած չի եղել. «10 հազար վոլտ հոսանքի տակ է եղել, տեղում սպանվել է մեր Գոռը»:

Գոռ Մոմչյանի մահվան դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել, Արա Մելքոնյանը հարցաքննվել է: Վերջինս հայտարարում է, որ եթե մեղավոր է, պատրաստ է պատիժը կրել, սակայն կատարվածի մեջ մեղադրում է ՀԷՑ-ին, իսկ մահացած Գոռի հարազատները՝ նրան:

ՀԺ-ի հետ զրույցում ջրօգտագործման տեղի մասնագետ Արա Մելքոնյանն ասաց, որ Գոռին ինքն է խնդրել, նա էլ գնացել է օգնելու: Վերջինիս խոսքով՝ պոմպակայանն իրենց համայնքի սեփականությունն է, անհատույց տրված է ՋՕ-ին, եւ բոլոր գյուղացիներն էլ օգնում են աշխատանքներում: «Տնօրենը ինձ էր հանձնարարել, սեպտեմբերի 27-ից այդտեղի հոսանքը ՀԷՑ-ը պետք է անջատված լիներ, բայց, փաստորեն չէր անջատել»,-ասաց երիտասարդի մահվան մեջ մեղադրվող Արա Մելքոնյանը:

Վերջինս վստահություն հայտնեց, որ իրավապահ մարմինները կպարզեն՝ իրականում ՋՕ-ի, թե՞ էլցանցնի մեղավորությունն է, եւ մեղավորները պատասխան կտան:

«Էն օրը ես գնացի Գոռենց տուն, գլուխս դրեցի, ասեցի՝ կացինով կտրեք: Ասում եմ՝ ինքը մեռել է, բայց ես կենդանի մեռել եմ: Ես նույն գյուղից եմ, իրենց ընտանիքին մոտ մարդ եմ եղել: Ո՞վ էր ուզում, որ նման բան լիներ՝ ոչ ոք: Ձեռքերիս մեջ մահացավ, եթե տռոսը հասներ իմ ձեռքը, չորսս էլ կմոխրանայինք»,- պատմեց Արա Մելքոնյանը: Վերջինիս խոսքով՝ ՀԷՑ-ն է մեղավոր: Ինքը ընդամենը ՋՕ-ի ենթատարածքի մասնագետ է, հանձնարարություն է ստացել, գնացել է կատարելու: Աշխատանքն իրականացնելու համար չորս հոգով են եղել: Արա Մելքոնյանը վստահեցնում է՝ Վարդենիս ՋՕ-ն թուղթ է ուղարկել, որ բոլոր տեղերից հոսանքը անջատեն, այդ մեկում անջատված չի եղել:

Հայաստանի էլեկտրական ցանցերի «Գեղամա» մասնաճյուղից հերքեցին իրենց մեղավորությունը, ասացին, որ իրենք իրենց գործը ճիշտ են արել, ՋՕ-ից պետք է զգուշավորություն պաշտպանեին:

Հայկասատ Մանուկյանը մեր զրույցում նշեց, որ Գոռը ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա, 1.5, 3 եւ 6 տարեկան փոքրիկների խնամքով վերջինիս կինն է զբաղվում եւ չի աշխատում: Տան միակ աշխատողը հանգուցյալ Գոռն էր: Ընտանիքն այսօր սոցիալապես ծանր վիճակում է հայտնվել: Հարազատներն անելանելի դրության մեջ են, չգիտեն՝ ինչպես պետք է խնամեն Գոռի երեխաներին, նաեւ անհանգստություն ունեն քրեական գործի ընթացքի հետ կապված՝ արդյո՞ք մեղավորները կպատժվեն:

«Ես էնտեղից եմ ծնունդով, այդ շրջանը ահավոր անտեսված վիճակում է, քննիչ չկա, փաստաբան չկա, ոչինչ չկա, պիտի դրսից ճարենք, դրսից էլ գումար չունեն: Փաստորեն, այդ գործը քննվելու է առանց տուժող կողմի փաստաբանի»,- մտահոգություն հայտնեց Հայկասատ Մանուկյանը:

Գոռ Մոմչյանի մահվան հետ կապված՝ ՀՀ քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ `ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Նշանակվել է դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն: Քննությամբ պարզվել է, թե ում խնդրանքով է քաղաքացի Մոմչյանը գնացել վերոնշյալ աշխատանքը կատարելու եւ ինչ պայմաններում է էլեկտրահարվել: Քննչական կոմիտեն հարցում է կատարել տարբեր գերատեսչությունների, քննչական գործողությունները շարունակվում են: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կտրվի համարժեք քրեաիրավական գնահատական:

Աղբյուր՝ armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ