Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել է խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Կարեն Սարգսյանը կարևորել է հրթիռակոծության հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս հարցում ՌԴ մտահոգությունն ու հետևողականությունը, ինչպես նաև նյութական օժանդակությունը:
Հանդիպմանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը զեկուցել է մինչ այսօր իր ղեկավարած գերատեսչության կողմից կատարված վնասների չափագրման աշխատանքները: Իսկ ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու առաջարկով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որոնք, ըստ խմբերի, կշրջեն բոլոր բնակավայրերով ու տեղում կգույքագրեն բոլոր վնասները:
Նախապատվությունը տրված է կենսական կարևոր նշանակության համակարգերի՝ էլեկտրամատակարարման, գազի և ջրի մատակարարման, ինտերնետի և հեռախոսակապի կոմունիկացիաների վերականգնմանը, ինչպես բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգմանը, դրանց զուգահեռ կկատարվի նաև դպրոցական և նախադպրոցական հաստատությունների, առողջապահական հիմնարկների և ճանապարհների վերակառուցումը:
Կարեն Սարգսյանի խոսքերով՝ այդ աշխատանքները պետք է մեկնարկեն անհապաղ, որպեսզի մեր բնակչության համար ստեղծենք մաքսիմալ հարմարավետություն: