fbpx
Իրավական

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք:

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 600 գրամ մարիխուանա, մոտ 600 գրամ ափիոն, 1100 ԼՍԴ բլոտտեր, մոտ 400 գրամ Մեթամֆետամին, ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ավելի քան 80 հաբ, ինչպես նաև մոտ 170 գրամ հաշիշի յուղ և դրանով լցված էլեկտրոնային սիգարետի 11 մուշտուկ, ավելի քան 2240 կարատ պակաս հայտարարագրված ադամանդ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ ավելի քան 13530 դեղահաբ:

Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 70 դեպք, որոնցից 37-ը Հայաստան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով թույլ տրված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ:

Դեպքերով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործությունների և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը սահմանված կարգով տրամադրվել են ՊԵԿ ստորաբաժանումներին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ