Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2001թ. ստորագրված նամակ-համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, համակարգչային համակարգերով և ծրագրային ապահովումներով: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից:
Ձեռք բերված սարքավորումները հնարավորություն կտան այսուհետ ոչ միայն լաբորատորիայում, այլև դեպքերի վայրերում համապատասխան քննչական գործողությունների իրականացման ընթացքում, տեղում, առանց համակարգչային համակարգի առգրավման, առանց տեղեկատվության փոփոխման և կորստյան վտանգի, պատճենահանել համակարգչային հիշողության ցանկացած կրիչում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ, տեսագրիչ սարքեր և այլն) առկա ամբողջական տեղեկատվությունը:
Ձեռք են բերվել նաև տարբեր տեսակի գերժամանակակից ծրագրային ապահովումներ՝ նախատեսված բոլոր տեսակի համակարգիչների, բջջային հեռախոսների, տեսագրիչ սարքերի հիշողության կրիչների փորձագիտական հետազոտության, նրանցում առկա տեղեկատվության զննության, հավաքագրման, վերականգնման համար:
Քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիայի գործունեության բարելավումը և այն շարունակաբար նորագույն սարքավորումներով ու ծրագրային ապահովումներով համալրումը կնպաստի քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը, ապահովմանն ու հանցագործությունների բացահայտմանը, քաղաքացիներից և կազմակերպություններից առգրավված համակարգչային համակարգերը սեփականատերերին կարճ ժամկետում վերադարձնելուն, ինչպես նաև՝ ՀՀ փորձագիտական հիմնարկներում համակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները տնտեսելուն: