Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ իրենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, այդպիսի դաժանություն երբեք չի եղել։
«Պատասխան եք տալու մինչև վերջ, մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչը սկսվեց ոստիկանությունից: Մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը, ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»,- նշեց նա։
Վազգեն Մանուկյանը դիմեց ժողովրդին. բռնություն գործադրող բոլոր ոստիկաններին նկարեք, բոլորի լուսանկարները պետք է թերթերում ու մամուլում ցույց տանք, որ տեսնեն, թե իրենց ընտանիքի հայրը ոնց է փող վաստակում:
Վարչապետի թեկնածու հավելեց, որ առանց այդ էլ մի մեծ թշնամի ունենք մեր սահմաններին, հիմա էլ պարզվեց մի նոր թշնամի ունենք երկրի ներսում։
