fbpx
Քաղաքականություն

Մինսկի խմբում ամերիկյան համանախագահության խարանը և ամոթը․ Սաֆարյանը՝ Բրայզայի մասին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Բաքվում կատարված մի միջոցառման, որը վերնագրել է այսպես․ «Մինսկի խմբում ամերիկյան համանախագահության խարանը և ամոթը»։

Նա գրել է, որ Ադրբեջանում օրերս կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ զարգացում ու համագործակցություն հետկոնֆիլիկտային փուլում» կոնֆերանսի մասնակիցները այցելել են նաև Բաքվի, այսպես կոչված, «Ավարների պուրակ»։

Սաֆարյանի խոսքով՝ կոնֆերանսին մասնակցելու նպատակով 15 երկրից ժամանած 27 պատվիրակների կազմում են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և միշտ Ադրբեջանի ու Թուրքիայի լոբիստ Մեթյու Բրայզան, վրացի լրագրող, Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Գեորգի Գվիմրաձեն, ուկրաինացի փորձագետ «Կիև-Մոգիլայի ակադեմիա» ազգային համալսարանի պրոֆեսոր Տարաս Կուզոն, ռումինացի արտաքին քաղաքական վերլուծաբան ու նախագահի նախկին խորհրդական Իուլիան Չիֆուն, իտալացի հետազոտող Կառլո Ֆրապպին, փորձագետներ Թուրքիայից ու Պակիստանից, նաև այլ հյուրեր։

Գիտաժողովականները շրջել են Ալիևի ֆաշիստական պուրակում, քայլել պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտների միջով, լուսանկարվել հայ զինվորների կերպարներն արտացոլող մանեկենների հետ։

«Կարծում եմ՝ հասունացել է պահը, որ Հայաստանի ԱԳՆ սկսի բացահայտ կազմել մեր՝ Հայաստանի Սև ցուցակը՝ դրանում ներառելով Հայաստանի համար այլևս անցանկալի անձ համարվող սույներին, մինչև որ նրանք հրապարակայնորեն ներողություն չխնդրեն իրենց արարքի համար։ Նրանք չպետք է ու չեն կարող ոտք դնել Հայաստան։

Արժե, որ հայ փորձագիտական հանրությունը կոշտ դեմարշ իրականացնի ոչ միայն այս ամենի նկատմամբ, այլ նաև հետագայում հրաժարվի մասնակցել որևէ քննարկման, որտեղ սույն արարածները կլինեն որպես զեկուցողներ։ Արժե, որ հայկական ԶԼՄ-ները համերաշխ կերպով երբեք հարցազրույցներ չվերցնեն սույներից», – գրել է Սաֆարյանը։

Հետո նա պատմել է Բրայզայի մասին։

«2001 ապրիլին սկսել է աշխատել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում որպես Եվրոպայի ու Եվրասիայի բաժնի տնօրեն՝ համակարգելով ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի, Հունաստանի, Կիպրոսի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մասով։ Դիվանագիտական ծառայության ընթացքում հիմնական թիրախը եղել է ռեգիոնալ էներգետիկ նախագծերը։ 2005-ին նշանակվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով։

Բրայզայի վրացական արկածներից ու ռուս-վրացական պատերազմի արկածներից չեմ պատմի, քանի որ ծանոթացել ենք հենց Թբիլիսիում՝ վրացական հեղափոխության շրջանում՝ երբ նա այս վերջին կարգավիճակում էր։ Այդ ժամանակ սիրելին թրքուհի Զեյնո Բարանն էր, որի հետ ամուսնացավ քիչ անց։ 2006թ․ հունիսին նշանակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ։

Մեր ճանապարհները մի քանի անգամ հատվեցին արցախյան հակամարտությանը, երբեմն՝ հարավկովկասյան հակամարտություններին նվիրված մի քանի խոշոր փակ հավաքներում՝ Լոնդոն, Վիլթոն Փարք, Դիչլի Ֆաունդեյշն։ Որպես «անկախ» միջազգային փորձագիտական թիմ՝ նման տեղերում նրան ուղեկցում էին Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի բաժնի ղեկավար Սաբինա Ֆրայզերը (ամուսինը՝ թուրք), Հարվարդի համալսարանի Կասպյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Բրենդա Շեֆերը (հրեա՝ մի այլ կարգի սևեռված Իրանի վրա), Ջոն Հոփկինսի համալսարանից Սվանտե Կոռնելը (Թուրքիայում Շվեդիայի նախկին դեսպաններից մեկի որդին), երբեմն Ֆրեդերիկ Սթարի հետ միասին, հաճախ նաև Ջոնաթան Քեոհեյնը (կրկին՝ հրեա, Հերիթաջ հիմնադրամ)։

Այդ տարիներին իմ աչքի առջև են հասունացրել ոչ միայն Մադրիդյան առաջարկները, ինչին երբեմն ու որոշ քննարկումներում միայնակ դիմադրում էի ամեն կերպ, այլև դրան ուղեկցող «փորձագիտական» զեկույցները, ինչպես օրինակ Միջազգային ճգնաժամային խմբի կողմից Սաբինա Ֆրայզերի կողմից 2008թ․ պատրաստված սրիկա զեկույցը՝ որը նույնությամբ, ավելի անկեղծ պրոադրբեջանական մեկնաբանություններով «ամրապնդում էր» Մադրիդյան առաջարկությունները․․․

2000-ականների կեսերին, երբ տապալվել էին քիվեսթյան բանակցությունները, Բրենդա Շաֆերը փորձում էր անգամ դրա գլուխներից մեկը՝ Շուշիի բաժինը որպես «ժառանգություն» տեղավորել Մադրիդյան առաջարկություններում։ Այդ ժամանակ եմ իմացել, որ Հայաստանի բանակցային պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից այդքան իջեցվել է նշաձողը ոչ միայն Հայաստանի տարածքներ ու տարածքային հարցեր /Տավուշ և Մեղրի/, այլև Արցախի համար նոր (Շուշի) տարածքային հարցեր դնելով բանակցային սեղանին․․․

Բոլոր նշվածները սնվում էին Ադրբեջանից՝ Ալիևից անձամբ։ Կապավորներից մեկն այժմ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն էր, ով այն ժամանակ աշխատում էր Ալիևի աշխատակազմում որպես խորհրդական։ Մեթի ընկերությունն Ալիևի կլանի հետ այնքան խորն էր, որ մեկ գիշերվա մեջ Թբիլիսիում նշանակված կոնֆերանսի մեր սեսիայում, որտեղ ելույթ էինք ունենալու երջանկահիշատակ Բորիս Նեմցովը, ես, Ջեյմս Բեյքերը և Լեյլա Ալիևան (ադրբեջանցի փորձագետ, ով Ադրբեջանից փախածներից է), ադրբեջանցի բանախոս Լեյլային հենց Մեթը փոխարինել էր Էլին Սուլեյմանովով, մեկ գիշերվա մեջ… Լեյլան առավոտյան շոկի մեջ էր․․․

Միայն անցած տարիներին բացահայտվեցին, որ Բրենդան, Սվանտեն և այլ փորձագետներ վճարվել են Ալիևի կողմից․․․ Այն ժամանակ մենք դա գիտեինք, բայց ապացուցելը դժվար էր։

Բայց դառնանք Մեթին ու Ղարաբաղյան խնդրին։ Մեթյու Բրայզան, իհարկե, այժմ կարող է իրեն Ալիևի հետ միասին համարել «հաղթանակի» համասեփականատեր, որովհետև, անգամ լինելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա, սպասարկում էր Ադրբեջանի շահերը․․․ Ու ամենամեծ հարվածը, որ ինքը հասցրեց ԱՄՆ շահերին, դա 2008թ․ ռուս վրացական պատերազմն էր, որից հետո խորհուրդ տվեց ԱՄՆ պետքարտուղարությանը Մինսկի խմբում ետ նահանջել և իրավիճակը թողնել Ռուսաստանի վրա, որպեսզի նա ապացուցի, որ հակամարտության կողմ չէ և կարող է միջազգային հարթակում խաղալ միջնորդի դեր ու Արցախյան կոնֆլիկտը դրա լավ փորձությունն է։

Մեթյու Բրայզան գիտեր, որ այդ ժամանակ, 2008թ․ ամռանը, Բաքվի ձեռքերով Նաբուկոյի տապալման դիմաց (ևս մեկ հարված ԱՄՆ շահերին) Ռուսաստանը Ադրբեջանի հետ կնքել է ռազմավարական գործընկերության հռչակագիրը՝ պարտավորվելով ջանքերն ակտիվացնել Մինսկի խմբում՝ շուտափույթ վերադարձնել (օկուպացված տարածքները) և փախստականներին․․․ Ահա այդտեղ է ծնվել ռուսական պլանը, և դրա հիմքը 2008թ․ աշնանը Ռուսաստանի Մայենդորֆյան դղյակում կայացած հանդիպումն էր․․․ Մեթյու Բրայզան ֆրանսիացի համանախագահին էլ համոզել էր ու համաձայնել նստել միջանցքում՝ մինչ եռակողմ հանդիպումը կավարտվի․․․»։

Նա նշել է, որ այդտեղից սկսվեց ԱՄՆ-ին Մինսկի խմբում թուլացնելու գործընթացը, իսկ հետագայում մյուս ամերիկացի համանախագահները մեծ ճիգեր պետք է գործադրեին, որպեսզի գործընթացը վերադարձնեն Մինսկի խումբ։

«Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների հետ շատ ենք խոսել այս ամենի մասին։ Շատերի քաջությունը բավարարել է ընդունելու համար հարվածը, որը իրենց երկրին բերել է Բրայզայի համանախագահությունը Մինսկի խմբում․․․

Այժմ այս ամենը տխուր պատմություն է․․․ Բայց բրայզաներին մերժելը հաստատ ներկայի ու ապագայի համար պարտադիր քայլ է», – ավարտել է գրառումը Սաֆարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ