Հուլիսի 9-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։ Հաղորդագրությունը ավելի մանրամասն ստորև․
«Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․Եսոյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել վերջին ամիսների աշխատանքների արդյունքները, հիմնարկի նոր կառուցվածքային ստորաբաժանումները և դոնոր կազմակերպությունների հետ տարվող ընթացիկ աշխատանքները։
Այս պահին ԲԾԻԳ-ի կողմից իրականացվում են 5 ծրագրեր՝
«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»,
«Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում»,
«Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում»,
«Կենսաբանական անվտանգության չորրորդ ազգային զեկույց»,
«Պատրաստվածության աջակցություն»։
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հետաքրքրվել է յուրաքանչյուր ծրագրի ընթացքով և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից վերոնշյալ ծրագրերին տեխնիկական և մեթոդական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կատարված և իրականացվող աշխատանքների բովանդակալից ներկայացման համար․
«Ակնառու է, որ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում ունենք լուրջ դրական տեղաշարժ և աշխատանքի արդյունավետության բարձրացում։ Ես դա վերագրում եմ համախմբված թիմային աշխատանքին, և ինչու ոչ՝ գրասենյակի տնօրենի պաշտոնակատարի և տնօրենի տեղակալի անձնական որակներին և իրենց առաջնորդական կարողություններին։ ԲԾԻԳ-ն ունի նախարարության կենտրոնական ապարատի լիարժեք աջակցությունը՝ թե՛ նյութատեխնիկական, թե՛ մարդկային ռեսուրսների տեսքով։ Կարևորը, այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշված են առաջիկայում, բարձր պրոֆեսիոնալիզմով և պահանջված նորմերին խիստ համապատասխան առաջ մղվեն՝ հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն կառավարման»։