Այսօր ֆոտոլրագրության էթիկան ավելի համատեքստային է, սուբյեկտիվ և հեղհեղուկ: Ֆոտոլրագրողը և իր կողմից արված լուսանկարը սերտ կապ ունեն մարդու իրավունքների հետ։ Պատերազմի ժամանակ ֆոտոլրագրողի էթիկական կողմը չպետք է հիմնվի միայն գրված օրենքների վրա։ Կարևոր է իրավիճակի և ներքին սահմանների անձնական գնահատման պահը։ Օրենքները միշտ չէ, որ ամբողջությամբ ընդգրկում են բոլոր էթիկական ասպեկտները, և այն, ինչ օրենքով թույլատրվում է, միշտ չէ, որ ճիշտ է բարոյականության տեսակետից։ Այս դեպքում, ֆոտոլրագրողը պետք է հետևի իր անձնական էթիկական նորմերին։
Azat TV-ին այս թեմայի շուրջ զրուցել է անկախ լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի հետ, ով լուսանկարել է Արցախյան 44-օրյա պատերազմը։
– Պատերազմական իրավիճակում ի՞նչ սահմաններ եք դնում ձեր առաջ մարդկանց լուսանկարելիս, որպեսզի չխախտեք մարդու իրավունքները։ Լուսանկարելուց առաջ մարդկանց հարցու՞մ եք՝ համաձա՞յն են, թե՞ ոչ։
– Լրագրողի խնդիրն է փաստագրել իրականությունը՝ հարգելով լրատվական իրավունքները: Բայց կան նաև նույնքան հիմնարար չգրված կանոններ։ Կանոններ՝ թելադրված յուրաքանչյուրիս զգայունությամբ, մարդկային ու մասնագիտական փորձով։ Դրանք ներառում են այն իրավիճակները, որոնց դեպքում անհրաժեշտ է հետքայլ անել՝ չվիրավորելու այն մարդկանց զգացմունքները, ում մենք լուսանկարում ենք: Բայց մենք հիմնականում այնտեղ ենք, որպեսզի փաստենք ցավը, վախը, զայրույթը։ Մեզնից է կախված, թե ինչպես կանենք դա, հարգելով ժողովրդին և սկզբունքորեն առանց իրականության վրա ազդելու: Յուրաքանչյուր իրավիճակ տարբեր է, ուստի չկան նախապես հաստատված այլ կանոններ, քան միշտ հարգանքով, հայեցողությամբ, պրոֆեսիոնալիզմով մոտենալը:
– Ձեր կարծիքով լուսանկարչության մեջ ե՞րբ են ոտնահարվում մարդու իրավունքները։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նման խնդրի բախվե՞լ եք։
– Կան կոնկրետ կանոններ, որոնք պաշտպանում են, օրինակ, անչափահասների իրավունքները։ Բայց կան նաև չգրված կանոններ՝ պաշտպանելու մարդկանց, ում մենք լուսանկարում ենք՝ խուսափելով նրանց ճանաչելիությունից: Ընդհանրապես, մենք միշտ պետք է հարգենք այն մարդկանց արժանապատվությունը, ում լուսանկարում ենք։ Եվ կան կանոններ, որոնք պաշտպանում են ընթերցողների զգայունությունը՝ խուսափելով, օրինակ, պատկերներից, որոնք կարող են սարսափելի լինել: Ես կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում միշտ նկատի եմ ունեցել այս կանոնները և ոչ մի խնդիր չեմ ունեցել այն մարդկանց հետ, ում լուսանկարել եմ:
– էթիկայի տեսանկյունից արդյո՞ք ճիշտ է լուսանկարել ողբերգական պատկերներ, թե՞ խուսափել ամեն դեպքում:
– Պետք է փաստագրել և ցույց տալ պատերազմի բոլոր կողմերը, քանի որ դա մեր գործն է: Բայց լրագրողական և էթիկայի տեսանկյունից կարևոր է դա անել զոհերի և դիտողների հանդեպ հարգանքով: Պատերազմը, ցավոք, մահ է, վայրագություն, տառապանք։ Մեզանից է կախված գտնել ճիշտ բանալին ողբերգությունները պատմելու համար՝ միշտ հարգելով ճշմարտությունը և չտրվելով սենսացիոնիզմին։
– Ի՞նչ եք կարծում պատերազմական իրավիճակում ո՞րն է լուսանկարչի դերը, կա՞ն լուսանկարչի համար մշակված կանոններ։
– Լուսանկարիչը վկայության համար հիմնարար դեր է խաղում, քանի որ լուսանկարները ցույց են տալիս իրականությունը, այն, ինչ հաճախ տեղի է ունենում ծայրահեղ, դրամատիկ իրավիճակներում: Լուսանկարները սկզբունքորեն այդ պահերի օբյեկտիվ կադրեր են, դրանք պատմությանը հանձնված վկայություններ են։ Բայց ֆոտոլրագրողի դերը, ինչը նրան տարբերում է հասարակ լուսանկարչից, կայանում է նրանում, որ նա պետք է ճանաչի, ուսումնասիրի և ստուգի այն իրականությունը, որը նա փաստում է: Որովհետև լրագրությունը չի ընդունում մակերեսայնություն, անտեղյակություն, տարրեր, որոնք կարող են պատմությունը հեռացնել ճշմարտությունից, փաստերից։ Եվ բոլորս էլ գիտենք, որ ցանկացած կոնֆլիկտում՝ ռազմական թե սոցիալական, միշտ թաքնված է քարոզչությունը։
– Ի՞նչը կարող է գեղարվեստական դարձնել պատերազմական իրավիճակում արված լուսանկարը:
– Կան բազմաթիվ տարրեր, որոնք կարող են լուսանկարը դարձնել գեղարվեստական, օրինակ՝ որոշակի լույս կամ կտրվածք, լղոզման օգտագործում, դետալների ընդգծում, ոսպնյակների օգտագործում, որոնք մեծացնում կամ նվազեցնում են դաշտի խորությունը: Տեխնիկաներ, որոնք կարող են մեծացնել պատկերի ուժը։ Սակայն այս ամենը լուսանկարչի անձնական որոշումն է, թե որքան լուսանկարում իրականությունը պահպանվի: Անձամբ ես միշտ փորձում եմ այն, ինչ տեսնում եմ փոխանցել բնական, այսինքն՝ մարդու աչքին ամենամոտ տեսանկյունից։ Ես փորձում եմ դիտողին մոտեցնել իմ նկարած տեսարանին՝ առանց ստիպելու, ուղղակի ընկղմելով նրան իմ տեսածի ու ապրածի մեջ։
Հեղինակ՝ Վիկտորյա Հովեյան