Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 514-Ն որոշումը, որի համաձայն 2022 թվականի ընթացքում էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագիր) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով:
«Մաքսատուրքի սակագնային այս արտոնությունը ստանալու նպատակով հայտարարատուն տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծումից հետո պետք է համապատասխան մաքսային մարմին ներկայացնի մաքսային հայտարարագիրը: ՀՀ մինչև 6400 հատ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից այդ հայտարարագիրը կգրանցվի և կտրամադրվի մաքսատուրքի արտոնություն։ Նշված քանակը սպառվելու պարագայում մաքսային մարմինների կողմից տվյալ տարվա ընթացքում մաքսատուրքի արտոնություն չի տրամադրվի, իսկ արտոնության կիրառմամբ հաշվարկված հայտարարագիրը, գրանցումը կամ բացթողումը կմերժվի։
- ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է խախտումներ
- ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը կարգավորվել են
Արտոնության կիրառման նպատակով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում մաքսատուրքի արտոնությունը կարող է տրամադրվել միայն էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի ՀՀ ներմուծումից հետո՝ մաքսային մարմիններին վերջնական հայտարարագրի ներկայացման պարագայում։
Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում՝ սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ ՀՀ մաքսային սահմանը հատած տրանսպորտային միջոցներին:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման պահանջներին համապատասխան, այս արտոնության կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները չեն կարող տրամադրվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակություն ունեցող անձանց տիրապետման, տնօրինման և օգտագործման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։