fbpx
Հասարակություն

Որ վառեմ, գազի վարձը որտեղի՞ց տամ. գազի գնի բարձրացման ազդեցությունը թոշակառուների վրա

Խաչիկ Գրիգորյանը թոշակառու է: Ամբողջ ձմեռն անցկացրել է չջեռուցվող բնակարանում: Երբ առողջությունը թույլ է տվել, դաշտերից ու այգիներից ցախ է հավաքել, բերել տուն: Վառարանը վառել են, ամուսիններով մի փոքր տաքացել են, ուտելու մի բան պատրաստել ու գոհացել եղածով: Արդեն 10 տարի է՝ նրանց բնակարանում գազի վառարան չի դրվում: «Որ վառեմ, գազի վարձը որտեղի՞ց տամ»,- նշում է Խաչիկ պապիկը:

Ամուսիններով ամեն առավոտ դուրս են գալիս տնից ու գնում դեպի մոտակա անտառը: Եղևնու մի քանի ճյուղ են հավաքում, մի քանի կոն, լցնում են պարկն ու տուն գալիս: Վառարանը վառում են, ուտելու մի բան պատրաստում և օրվա մյուս մասն անցկացնում են տանը: Երբ վառելիք չեն ունենում, բավարարվում են տան մեջ հին վերարկուները հագնելով:

«Գազ ունենք, բնակարանը գազաֆիկացված է, բայց աշխատում ենք շատ չվառել, որ պարտքի տակ չընկնենք: Գազի վրա մենակ ճաշ ենք եփում,- ասում է տատիկը- լողանալու կամ լվացքի համար վառարանի վրա ջուր եմ տաքացնում»:

Ամուսինների թոշակը միասին կազմում է 80000 դրամ, որը չի բավականացնում դեղորայք և սնունդ ձեռք բերելուն: Թոշակը ստանում են, կոմունալ վարձրերը վճարում և մնացած մասով մի կերպ ապրում են: Ամռան ամիսներին մշակում են տան մոտի փոքրիկ հողակտորը: «Լոբի ենք ցանում վարունգ, պոմիդոր, կանաչի: Մեր հողամասի բարիքներից էլ ձմռան պաշար ենք պատրաստում, որ ձմեռը սովից չմեռնենք»,- նշում են ամուսինները:

Ձմռան գալուստին դեռ գարնան ամիսներից են պատրաստվում: Երկուսով բարձրանում են սարերը՝ անասուններից մնացած թրիքը հավաքելու: Դրանից աթար են պատրաստում անմիջապես դաշտում: Հետո կրում են, բերում տուն, պահում են նկուղում, որ ձմռանը վառեն: Մոտիկ անտառից ծառերի ճյուղեր են հավաքում, եղևնու կոներ: Ողջ տարին Խաչիկ պապը փայտ է սղոցում, որ ձմռանը վառելիքի պակաս չունենան: Իսկ երբ ձմռան վերջին հավաքած վառելիքը սպառվում է, Խաչիկ պապը վերցնում է սղոցն ու անտառ է գնում: «Բարակ-մարակ ճյուղեր եմ կտրում,- ասում է Խաչիկ պապը: Ամբողջ ծառը չեմ կտրում, որ բնությանը վնաս չտամ: Հասկանում եմ, որ ծառ կտրել չի կարելի, բայց ի՞նչ անեմ: Ցրտից հո չենք մեռնելու»: Երբեմն վառելիք տալիս են նաև հարևանները: Ամուսիններն անում են ամեն ինչ, որ գազ քիչ օգտագործեն:

Նրանցից ոչնչով չեն տարբերվում հարևան ամուսինները, ովքեր տան մեջ միանգամից երկու վառարան են դրել՝ մեկը՝ խոհանոցում, մյուսը՝ միջանցքում: Խոհանոցի վառարանով տաքանալու համար օգտագործում են բնական գազը: Դա վառում են միայն առավոտյան, երբ նոր են արթնանում: Մի փոքր տաքացնում են տունը, նախաճաշում են, մեկ ժամ անց անջատում են և անցնում առօրյա հոգսերին: Երեկոյան կողմ վառում են փայտի վառարանը, որ մի փոքր տաքանան ու գնան քնելու: Վառելիքի հարցը լուծում են տարբեր տեղերից հավաքած փայտով:

«Ամեն տարի քաղաքապետարանը գարնան ամիսներին ծառերի էտ է կազմակերպում: Խոսում ենք էտողների հետ ու կտրված ճյուղերը բերում մեր տուն: Հենց դա էլ վառում ենք»,- ասում է ամուսինը: «Գազը շատ թանկ է, միայն գազով տաքանալ չենք կարող»,- ավելացնում է կինը:

Ամուսինները բացի կենսաթոշակից մի փոքր օգնություն ստանում են երեխաներից: Դրանով էլ վճարում են կոմունալ վարձերն ու ապրում:

Վերոհիշյալ ընտանիքների նման բազմաթիվ ընտանիքներ կան Հայաստանում, որոնք չգիտեն, թե ինչպես պետք է ապրեն ստացած նվազագույն կենսաթոշակով: Թոշակառուները միջինում ստանում են 30-40.000 դրամ: Իսկ կոմունալ վճարները ամսական կտրվածքով միջինում կազմում են 30000 դրամ: Քանի դեռ կառավարության կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվել կենսաթոշակների բարձրացման գործում, թոշակառուները ստիպված են ընտրություն կատարել սնունդի և վառելիքի միջև: Իհարկե, հասկանալի է, որ բոլորն էլ նախընտրությունը տալիս են սնունդին:

Ամեն տարի կառավարությունը խոստումներ է տալիս թոշակառուներին, բայց այդպես էլ չի բարձրացնում կենսաթոշակների չափը: Վերջին մի քանի տարիների ընթացքում բարձրացել է միայն նվազագույն կենսաթոշակը՝ 15000 դրամից դառնալով 25000 դրամ, սակայն դա այնքան չնչին փոփոխություն է թոշակառուների կյանքում, որ ոչ մի բանի չի բավարարում: Երեխաներ ունեցող թոշակառուները ինչ որ կերպ կարողանում են հոգալ իրենց հոգսերը, այնինչ միայնակ տարեցները դատապարտված են քաղցի ու ցրտի:

Գազի ներտնային սպասարկման մասնագետ Կ.Ա.-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ յուրաքանչյուր երկրորդ թոշակառուն ամեն ամիս կանգնում է գազաֆիկացման դադարեցման խնդրի առաջ՝ վարձը չվճարելու պատճառով: «Առաջ կարողանում էինք զիջումներ անել, սպասել, մինչև ինչ որ տեղից գումար կուղարկեն նրանց,- ասում է նա,- բայց հիմա այդպես վարվել չենք կարող: Օրենքը պահանջում է անջատել, անջատում ենք: Հակառակ դեպքում մենք էլ մեր աշխատանքը կկորցնենք»:

Մասնագետը նշում է, որ այսօր հաշվիչների ցուցմունքների համաձայն՝ Հայաստանում գազի ամենաքիչ սպառումը գրանցվում է թոշակառուների բնակարաններում: Սակայն դա էլ բավականին մեծ գումար է նվազագույն կենսաթոշակ ստացող թոշակառուի համար: «Թոշակառու կա, որի բնակարանի գազաֆիկացումն անցած տարի է դադարեցվել, բայց դեռ պարտքը մարել չի կարողանում»,- ասում է մասնագետը:

Կառավարությունը դեռ կենսաթոշակների համընդհանուր բարձրացման մասին ոչինչ չի ասում: Հայտնի չէ, թե երբ ՀՀ-ում կենսաթոշակը կհասնի այնպիսի մակարդակի, որ այն ստացող թոշակառուն կարողանա առանց մրսելու ապրել: Առայժմ միայն խոսակցություններ են պտտվում գազի գնի հերթական թանկացման մասին: Թեև կառավարությունը վստահեցնում է, որ այս անգամ այդ թանկացումները բաժանորդների ֆինանսական միջոցների վրա չեն ազդելու, բնակչությունը դրան չի հավատում: «Երբ ուզում, թանկացնում են: Ո՞վ է մտածում թոշակառուի մասին: Հազիվ իրենց պարգևավճարներն են բարձրացնում»,- ասում են բակերից մեկում հավաքված թոշակառուները ու զարմանում, թե ինչպե՞ս է պատահում, որ ղեկավարների պարգևավճարները բարձրացնելու համար պետական բյուջեում գումար կա, իսկ կենսաթոշակների բարձրացման համար չկա:

Հեղինակ՝ Նորա Ղազարյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ