Հատիս լեռան պահպանության համար պայքարող քաղաքացիները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին։ Նրանք հայտարարություն են տարածել, որում մասնավորաբար ասվում է.
«Այսօր Հատիս լեռան պահպանության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաաս Սխերմերսին:
Դեսպանին ներկայացվել են իրավական, մշակույթային, բնապահպանական, քաղաքաշինական և այլ խնդիրներ՝ կապված Հատիս լեռան ապօրինի օտարման և այնտեղ կատարված ապօրինի շինարարական աշխատանքների հետ։
Քննարկվել են նաև քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության և իրավահավասարության դերը Հայստանում կայուն զարգացող Ժողովրդավարության և վստահելի ներդրումային միջավայրի ձևավորման հարցում»։
Հիշեցնենք, որ Հատիս լեռան հետ կապված խնդիրներ են ծագել, երբ կառավարության ղեկավարի կողմից նախնական դրական կարծիք արտահայտեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հիսուսի մոնումենտալ արձանի տեղադրմանը։
- ԱԼՏ ֆեդերացիան դեմ է Հատիս գագաթին Հիսուսի արձանի տեղադրմանը
- Շարունակում են քանդել բնության հուշարձան Հատիս լեռը
Ինչպես պարզել էին քաղաքացիները, Հատիս լեռը 2008 թվականին կառավարության որոշումով ընդգրկվել էր բնության հուշարձանների մեջ, որն ըստ ՀՀ հողային օրենսգրքի սեփականության իրավունքով չփոխանցվող տարածք է։ Սակայն համայնքապետարանը աճուրդով, որին ոչ ոք չէր մասնակցել բացի հիմնադրամից, բավականին էժան գնով օտարել էր տարածքը։
Քաղաքացիների պայքարի, ինչպես նաև պետական որոշ մարմինների շնորհիվ լեռան վրա իրականացվող աշխատանքները կասեցվել էին։ Ըստ ԿԳՍՄ-ի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, վարույթ են հարուցվել տեղի ունեցած աշխատանքների և օտարման փաստի առթիվ։
Քաղաքացիները պայքարում են, որպեսզի չեղարկվի այդ ծրագիրը, որովհետև առկա են բազմաթիվ իրավախախտումներ, և այդպիսի նախագծերը Հայաստանի ներկայիս մարտահրավերների պայմաններում քաղաքական, մշակությաին, շրջակա միջավայրի, կրոնական սխալ հաղորդագրություն է՝ ուղղված թե մեր հանրությանը, թե արտաքին աշխարհին։