fbpx
Հասարակություն

ԱԼՏ ֆեդերացիան դեմ է Հատիս գագաթին Հիսուսի արձանի տեղադրմանը

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան դեմ է Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի տեղադրմանը, որի մասին հայտնի է դարձել մամուլի միջոցով։ Այսինքն, արձան տեղադրողը որևէ հանրային քննարկում չի կազմակերպել, որին մասնակցելով հնարավոր կլիներ արտահայտել մտահոգություններն ու առարկությունները։ Նշված փաստի վերաբերյալ ֆեդերացիան տարակուսանք ու անհամաձայնություն է հայտնում լեռնագնացության տեսանկյունից մեծ հետաքրքրություն ունեցող Հատիս լեռան վրա արձանի տեղադրման վերաբերյալ։

Հատիս լեռը 14 oգոստոսի 2008 թվականի ՀՀ Կառավարության «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշման 42-րդ կետով ներառված է Երկրաբանական հուշարձանների ցանկում։ Այն ամենահաճախ այցելվող լեռների եռյակի մեջ է, մեծ հետաքրքրություն է ներկայացնում լեռնային տուրիզմի տեսանկյունից։ Այժմ, առանց որևէ հանրային քննարկման, առանց գերատեսչական մարմինների մասնագիտական կարծիքի կամ եզրակացության, առանց լեռնագնացների, լեռնային համայնքի հետ քննարկման, գործողություններ են իրականացվում արձանի տեղադրման ուղղությամբ։

Մի կողմից հասկանալով զբոսաշրջության տեսակետից նման արձանի կառուցման կարևորությունը, քանի որ ֆեդերացիան իր գործունեության 12 տարիների ընթացքում, չունենալով պետության կողմից որևէ աջակցություն, ֆեդերացիայի անդամների և առհասարակ լեռնագնացների ջանքերի շնորհիվ լեռնային տուրիզմ է զարգացնում, բայց մյուս կողմից էլ փաստ է, որ արձանի տեղադրումը պատճառ է հանդիսանալու լեռնագնացների, արշավականների հոսքի նվազեցման, քանի որ արձանի տեղադրմամբ այն կկորցնի իր հետաքրքրությունը և նշանակությունը։

Հատիսը հանդիսանում է այն լեռնագագաթը, որտեղ մագլցել և վերելքներ են իրականացրել տարբեր ժամանակների սերունդներ, ուստի միանշանակ է, որ Հիսուսի արձանի տեղադրման նախագիծը կյանքի կոչելու համար, անհրաժեշտ է ընտրել այլ վայր (բացառելով հատկապես լեռնագագաթները) և այդ վայրի ընտրության քննարկումներին անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ։ Լեռնագնացները վերելքներ են իրականացնում այնպիսի գագաթներ, որը զերծ է մարդածին շինություններից և գտնվում է բնական վիճակում։ Այժմ Հատիսի վրա ընթացքող ճանապարհաշինական աշխատանքները, գագաթին իրականացված հարթեցման աշխատանքները խեղել են լեռան բնական տեսքը։

Ավելին, ինչպես պարզ է դառնում փաստերի համադրումից, այդ աշխատանքները իրականացվել են առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության, մասնագիտական կարծիքի։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»: Սա մշակութային ժառանգության պահպանության հայաստանյան օրենսդրության կոպտագույն խախտում է։

Արձանի տեղադրումը ոչ միայն արգելք է լեռնագնացների համար, այլ նաև իր մեջ պարունակում է էկոլոգիական և մշակութային ռիսկեր և հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիացծնի գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության համաձայն՝ «… Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով: Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:

Հատիսի գագաթին արձանի տեղադրման օրինականության ստուգման առնչությամբ փաստաբանական հարցումներ են կատարվել, որոնց ստացման և բովանդակության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան գործողություններ։
«Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի այս պաշտոնական հայտարարությանը միանում են նաև հետևյալ արշավային ակումբները․

Armenian Geographic Project / Հայկական աշխարհագրական նախագիծ

ArmLand

Lost in Armenia hiking club

4 Peaks Alpine Club

110 Places Hiking Club

Էկո Տուր

ArmWay Tour

North Peak լեռնային ակումբ/North Peak mountain club

Թռիչք արշավական ակումբ

Альп_клуб “White Irbis”

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ