Շատ մարդիկ չեն նկատում, որ օրվա ընթացքում չափազանց շատ ածխաջրեր են օգտագործում։
Առօրյա կյանքում գրեթե անհնար է խուսափել ածխաջրերից, և դրանք կարևոր են, քանի որ վառելիք են հանդիսանում ուղեղի համար։ Ածխաջրերն օրգանիզմին ապահովում են էներգիայով, և մենք դրա կարիքն ունենք՝ ողջ օրվա ընթացքում արդյունավետ և կենտրոնացած մնալու համար: Այնուամենայնիվ, ածխաջրերի չարաշահումը, հատկապես արագ մարսվող, կարող է բավականին մեծ վնաս հասցնել առողջությանը: Սննդակարգում դրանց մեծ քանակի հետ է, որ բժիշկները կապում են արյան մեջ շաքարի տատանումները և դրա բարձր մակարդակը, ինչպես նաև ճարպերի կուտակման հակումը:
Ինչպե՞ս կարող է օրգանիզմն արձագանքել ածխաջրերի մեծ չափաբաժինների օգտագործմանը
Հոգնածություն։ The Health Site-ի տվյալներով՝ ածխաջրերի օգտագործումը կարճաժամկետ էներգիա է տալիս՝ բարձրացնելով արյան մեջ շաքարի մակարդակը: Այն իջեցնելու համար օրգանիզմն արտազատում է ինսուլին հորմոն, որի ազդեցությամբ տեղի է ունենում շաքարի մակարդակի արագ անկում։ Արդյունքում էներգիայի ալիքն անհետանում է՝ հետևում թողնելով թուլության և գերհոգնածության զգացում։ Այս էֆեկտի հիմնական խթանիչները կարճ շղթայով (նաև կոչվում են «պարզ») ածխաջրեր են. դրանք հատկապես արագ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը և նպաստում դրա կտրուկ անկմանը: Նման ածխաջրեր են պարունակում թխվածքներն ու քաղցր մթերքները։
Քաղցրավենիքի հանդեպ հակում։ Երբ մենք շաքար ենք ուտում, ուղեղն արտազատում է դոֆամին, որի շնորհիվ մենք ուրախություն, էյֆորիա ենք զգում։ Այս առումով պարզ ածխաջրերը շատ նենգ են՝ այն մարդիկ, որոնք պարբերաբար օգտագործում են դրանք, կարող են կախվածություն ձեռք բերել քաղցրավենիքից:
Տրամադրության տատանումներ։ Մեծ քանակությամբ ածխաջրեր օգտագործողների մոտ արյան մեջ շաքարի աճը բացասաբար է անդրադառնում հորմոնալ հավասարակշռության վրա, և, հետևաբար, տեղի են ունենում հուզական վիճակի փոփոխություններ՝ լավ տրամադրության ներհոսքից մինչև ուժեղ դյուրագրգռություն:
Ի՞նչ ածխաջրեր պետք է օգտագործել: Ածխաջրերը սննդակարգի կարևոր մասն են և չի կարելի ամբողջությամբ հրաժարվել դրանցից: Սակայն դրանց քանակը պետք է վերահսկվի՝ շաքար և սպիտակ ալյուր պարունակող մթերքների քանակը պետք է նվազագույնի հասցվի։