Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող արմատականների 50 ռազմական օբյեկտների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել և ոչնչացրել են ավելի քան 50 ահաբեկիչների թիրախ Գազայի հատվածում, այդ թվում՝ ռազմական օբյեկտներ, զենքի պահոցներ, հրթիռային կայաններ, դիտակետեր և ահաբեկչական ջոկատներ», – ասվում է զինվորականների հայտարարության մեջ: «Գիշերը Ռաֆահի շրջանում հարձակման են ենթարկվել երկու հրթիռային կայան՝ թիրախավորելով Քերեմ Շալոմի շրջանը», որտեղ գտնվում է համանուն անցակետը, շարունակել է մամուլի ծառայությունը։
Բացի այդ, «Ռաֆահի շրջանում թիրախային գործողությունների ընթացքում ոչնչացվել են ահաբեկիչներ, որոնք փորձում էին հարձակվել զորքերի վրա», – հավելել են զինվորականները: «Այս տարածքում զինվորականները հայտնաբերել են թունելների անցքեր և մեծ քանակությամբ զինատեսակներ, այդ թվում՝ գնդացիրներ, նռնականետեր, նռնակներ և պայթուցիկ նյութեր», – հայտնում են մամուլի ծառայությունից։
«Իսրայելական բանակը շարունակում է իր օպերատիվ գործունեությունը Ջաբալիա շրջանում», որտեղ զորքերը «նպատակային գրոհ են իրականացրել դպրոցի ներսում գտնվող զենքի պահեստի վրա», – ասել է բանակը: Զորքերը տեղում հայտնաբերել են «հրթիռների տասնյակ մասեր» և տարբեր տեսակի զենքեր, ինչը «հավելյալ ապացույց է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից իր ռազմական գործունեության համար քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված օգտագործման», – նշել է Իսրայելի պաշտպանության բանակը: