ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառնում է ՄԱԿ-ՖՄԿ միջև բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին և ամփոփում է Ֆրանկոֆոնիայի` Երևանում կայացած 17-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքները։
Բանաձևի ընդունման կապակցությամբ Գլխավոր ասամբլեայում ելույթներով հանդես եկած մի շարք պատվիրակություններ շնորհակալություն են հայտնել Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահելու և բանաձևի նախագծի շուրջ ՄԱԿ-ում բանակցային ակտիվ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ նախքան դա ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության թվիթերյան էջը հրապարակել էր.
Հայաստանը ներկայացրել է բանաձև, ըստ որի նախատեսվում է ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցություն՝ կարևորելով Երևանում տեղի ունեցած «Ապրելով միասին» Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովի հիմնական շեշտադրումները։
#Armenia presents the resolution on cooperation between the @UN and @OIFfrancophonie, takes stock of the major highlights of the 17th Summit of la #Francophonie on #LivingTogether held in #Yerevan: #Armenie présente le projet de résolution sur la coopération entre l’ONU et l’OIF pic.twitter.com/SomfL6eVEl
— Armenia Mission to UN (@ArmeniaUN) April 16, 2019