Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ տիար Հովհաննես Հովհաննիսյանի, տիկին Գայանե Աբրահամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի:
Ողջունելով ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին անկախության տարիներից ի վեր տարբեր ոլորտներում ցուցաբերվող զորակցությանը:
Մասնավորապես Վեհափառ Հայրապետը կարևորեց ԱՄՆ-ի կողմից, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերը:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների ու դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին: Անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, հասարակության մեջ հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման գործում:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի լրատվական ծառայությունից։