Հայաստանում ապրիլի 26-ին նշվում է Սահմանապահ զորքերի օրը: Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանն՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում՝ Սահմանապահ զորքերի օրվա միջոցառման ժամանակ, շնորհավորելով սահմանապահներին օրվա կապակցությամբ, ասաց.
«Մեր հայրենիքի սահմանները սրբազան են և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ու նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում դուք եք։ Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է համապատասխան բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից սկսվում է մեր ապահովությունն ու անվտանգությունը։ Սահմանից է սկսվում նոր Հայաստանի վերելքը, չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ներկա էր միջոցառմանը:
«Սահմանն, ընդհանրապես, ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի: Ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու և որից ընդամենը 1 սմ այս կողմ զգում ես ինչպես տանը։ Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին մենք նկատի ունենք մեր սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը երկիր մոլորակի վրա, մեր տեղն՝ արևի տակ, մեր ապագան և անցյալի մասին մեր պատկերացումը», – ասաց վարչապետը։
«Ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև՝ առաքելություն։ Այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները։ Այսօր ՀՀ-ում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայրն է։ Այս առումով Սահմապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլ նաև՝ մեր զինված ուժերի, մեր ժողովրդի համար, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երեխաների ու մեր երկրի ապագայի անվտանգությունն է», – ընդգծեց վարչապետը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ սահմանապահներին, ՀՀ զինված ուժերին, ոստիկանության զորքերի ծառայողներին, ՌԴ սահմանապահ զորքերին, սահմանապահ գյուղերի բնակիչներին ՀՀ սահմանը ամուր պահելու և կատարած ծառայության համար։