fbpx
Հասարակություն

Գլաձորում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

ՀՀ Վայոց ձորի Գլաձոր համայնքում այսօր կայացել է քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողություն, որին մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի երկրի պատասխանատու Նաթենիել Հոջնաքին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) (մինչև 2018 թ.) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։

2015 թ. ի վեր ծրագրի շրջանակներում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման 29 գրասենյակներ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի, Օձուն, Տեղ, Բերդ, Արագածավան, Անի, Ախթալա, Գլաձոր և Քաջարան համայնքներում։

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:

Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դիմումների և գրությունների ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն ապահովում է վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում, խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական միջավայրում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ