fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների միջև ձևավորվել են բարեկամական կապեր, ինչը պետք է իր զարգացումն ունենա:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերին, մասնավորապես այն տեխնիկական վերազինման աջակցությանը, որ Կորեայի Հանրապետությունն իրականացրել է մեր երկրի տարբեր պետական գերատեսչություններում, այդ թվում` Ազգային ժողովում:

Նա դրական է գնահատել հաստատված հայ-կորեական միջխորհրդարանական փոխգործակցությունը` կարևորելով փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը:

Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ հայ-կորեական հարաբերությունների ընդլայնմանը մեծապես կնպաստի Երևանում Կորեայի Հանրապետության դեսպանատան բացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ու Յուն-Գընը շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ու ժողովրդավարական գործընթացների կապակցությամբ` ընդգծելով, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնելու հարաբերությունները տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ուղղություներով:

Նա վստահեցրել է, որ աջակցության ծրագրերը, այդ թվում` ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, հետայսու ևս շարունակական կլինեն: Առաջիկայում քննարկման առարկա կլինեն Հայաստան-Կորեա գործակցության կոնկրետ ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են միջազգային զարգացումներին` կարևորելով փոխգործակցությունը նաև արտաքին քաղաքականության` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Արարատ Միրզոյանը ողջունել է այն երկխոսությունը, որ ծավալվել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև: Նա նաև վերահաստատել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդակցությունը Երևանում անցկացնելու պատրաստակամությունը:

Անդրադառնալով Ներդրումների խրախուսման և պաշտպանության երկկողմ համաձայնագրին` խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ դրա վավերացումն օրենսդիր մարմնի օրակարգում է: Երկուստեք արձանագրվել է, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Կորեա հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ