Կառավարությունը որոշեց փոփոխություն և լրացումներ կատարել 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում։
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը, շահառուների և Պաշտպանության նախարարության միջև կնքվող պայմանագրի և բնակարանի գնման վկայագրի ձևերը:
Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու եզրակացության կայացման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով.
✅ Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը.
✅ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը.
✅ Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական կայքից։