fbpx
Մշակույթ

Թումանյանի անձնական հավաքածուի ցուցանմուշները արդեն ներկայացվել են

Հովհաննես Թումանյանի անձնական հավաքածուի 28 անուն քարտեզագրության եզակի ու տարաբնույթ ցուցանմուշներ ներկայացվեցին «Ավանդ սերունդներին. պատմության գիտական հիշողություն» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Ցուցահանդեսը բացվեց մայիսի 14-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:

«Հին և Նոր Կիլիկիայի», «Երևանի և Ելիզավետպոլի», «Ղարաբաղի և հարող շրջանների», «Կովկասի խաղողի այգիների» քարտեզներով և այլ ցուցանմուշներով հարուստ ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 26-ը:

«Ցուցադրության բաղկացուցիչ մաս են կազմում բանաստեղծի թանգարանում պահվող անձնական գրադարանի կովկասագիտության բաժնի գրքերը, որոնք նույնպես նախկինում չեն ցուցադրվել: Դեռ 1910-ական թվականներին Թումանյանը բարձրաձայնում էր կովկասագիտության ակադեմիա ստեղծելու կարևորության մասին: Նա կարծում էր, որ կողք-կողքի ապրող ժողովուրդները պետք է լավ ճանաչեն միմյանց և հասկանան հյուսիսի, հարավի, արևելքի և արևմուտքի կենտրոնում գտնվող «հսկայի» կարևոր նշանակությունը  աշխարհի զարգացման գործում»,-նշեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով` քարտեզների հավաքածուն  յուրօրինակ է նրանով, որ դրանց մի մասից միայն մեկ օրինակ է պահպանվել: Լավ է ունենալ նման արժեքավոր քարտեզներ, որոնք հնարավոր է ոչ միայն ցուցադրել, այլև ուսումնասիրել»,-նշեց Վիրաբյանը:

Թանգարանին քարտեզները է տրամադրել Հայաստանի ազգային արխիվը: Ցուցահանդեսն  իրականացվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ