Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում ավարտվել են որմնանկարների ամրակայման և վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) միջոցներով։
17-րդ դարով թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցու և դրա որմնանկարների վերականգնումը մեկնարկել է 2024 թվականին, իսկ եկեղեցու վերականգնման ամբողջական ավարտը նախատեսվում է 2025 թվականին։ Եկեղեցում գտնվող որմնանկարները վերանկարվել են 1906 թվականին, իսկ դրանց ամրակայման և վերականգնման նախագիծը մշակվել է 2021-2022 թվականներին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից։ Նախագծի հեղինակն է Արժանիկ Հովհաննիսյանը։
ԿԳՄՍՆ-ի կողմից 2024 թվականին հայտարարված բաց ընթացակարգով մրցույթում հաղթող ճանաչված «Ռեստարտ 1» ՍՊԸ-ն իրականացրել է որմնանկարների ամրակայման և վերականգնման աշխատանքները։ Աշխատանքներից հետո որմնանկարները ծածկվել են պաշտպանիչ թաղանթով՝ ապահովելով դրանց պահպանությունը մինչև եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտը։
Այս աշխատանքների ավարտից հետո Սբ. Աստվածածին եկեղեցին նորից կդառնա ուխտավորների և այցելուների համար հասանելի՝ վերականգնված պատմամշակութային արժեքով և պահպանված որմնանկարներով։