fbpx
Ընտրություններ

Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է

Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է` դիտորդական առաքելություն իրականացնելու  դեկտեմբերի 9-ին կայացող Ազգային ժողովի ընտրություններին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Արցախի Հանրապետության «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի տնօրեն, Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ասաց, որ Արցախից ժամանած պատվիրակության կազմում ութ պատգամավոր է: «Մինչ երեկոյան ժամը 20:00-ը մենք շրջելու ենք ընտրատեղամասերում: Մեր պատվիրակության անդամները վաղ առավոտից արդեն եղել են Դավթաշենի, Ավանի, Էջմիածնի ընտրատեղամասերում: Օրվա երկրորդ կեսին կլինենք Էրեբունիում, նաև մարզերում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրատեղամասերը ընտրում են պատահականության սկզբունքով:

Թովմասյանը նշեց, որ Հայաստանում ընտրությունների ընթացքը բավարար են գնահատում: «Մինչ այս պահը որևէ խախտում չենք արձանագրել: Կարևորն այն է, որ ընտրողների աչքերում երջանկություն կա»,- ընդգծեց նա:

Արցախի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս համապետական ընտրությունները ՀՀ պետականաշինության առաջնային խնդիրներից մեկն են, և այս պահին կարելի է միանգամայն ասել, որ ընտրություններն ընթանում են ՀՀ ընտրական օրենսգրքի և ժողովրդավարության սկզբունքներին խիստ համապատասխան:

«Ժողովրդին է տրված որոշելու, որն է լինելու երկրի առաջատար քաղաքական ուժն ու ով է լինելու առաջնորդը՝ վարչապետի կարգավիճակով»,- ասաց նա:

Արթուր Թովմասյանն ասաց, որ իրենց պատվիրակությունը Հայաստանում Արցախի Հանրապետության դեսպանի ուղեկցությամբ կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Նախագահին ներկայացնելու ենք մեր դիտորդական առաքելության արդյունքները: Նշելու ենք, որ  մարդիկ ոգևորված են մասնակցում ընտրություններին»,- ընդգծեց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում Թովմասյանն այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների կազմում հիմնականում երիտասարդներ են, նա նշեց, որ ինքն էլ երիտասարդ տարիքում եղել է  Արցախի ԱԺ նախագահ: «Երիտասարդներին պետք է հնարավորություն տալ, երիտասարդին պետք է վստահել: Ես շատ եմ կարևորում ոչ միայն նրանց, այլև կանանց դերը  թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունում»,- շեշտեց խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ու հավելեց.  «Որպեսզի անվտանգ Արցախ ունենանք, պետք է ունենանք հզոր Սփյուռք և կայուն Հայաստան»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ