Ազգային Անվտանգության ծառայությունը հետաքննական մարմին է և դրա ղեկավարը պարտավոր է տեղեկացված լինել քրեական գործի նախաքննության ընթացքին ու ձեռք բերված ապացույցներին, փաստական տվյալներին, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը՝ պատասխանելով մեկնաբան Պետրոս Ղազարյանի հարցին արդյոք հիմնավո՞ր են ՊՎԾ պետ (լիազորությունները դադարեցված) Դավիթ Սանասարյանի հայտարարությունները, թե ԱԱԾ պետը ճնշում է գործադրում՝ հայտարարելով, որ գործը կգնա դատարան։
«Հայտարարելով, որ քրեական գործը կգնա դատարան ու ամեն ինչ կպարզվի՝ ԱԱԾ պետը ներկայացրել այն պարզ իրավական մոտեցումն է ներկայացրել, որ եթե հարուցված է քրեական գործ, գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի, կիրառվել են խափանման միջոցներ, այդ թվում՝ կալանավորում, ապա ենթադրվում է, որ այս գործը պետք է ունենա դատական վախճան։ Դա չի նշանակում, որ պարոն Վանեցյանը կանխորոշել է գործի ընթացքը», -ասել է Աղաջանյանը։
Ավելին, ըստ ԱԱԾ պաշտոնյայի, ԱԱԾ ղեկավարը շատ լավ է հասկանում, որ յուրաքանչյուր քրեական գործով մեղադրանքը հաստատում է գործով հսկողություն իրականացնող դատախազը։
Աղաջանյանը անհեթեթություն է որակել Դավիթ Սանասարյանի ու նրա պաշտպանների հայտարարությունը, թե այս քրեական գործը «կարված է, ապացույցները կեղծված են կամ շինծու գործ է»։ Նրա խոսքով ԱԱԾ քննչական դեպարտամենտում աշխատում են որակյալ ու պրոֆեսիոնալ քննիչներ ու շարժվում են Հայաստանի օրենքներով ու Սահմանդրությամբ։
«Որևէ այլ գործառույթներ՝ ապացույցների կեղծման կամ որևէ ազդեցության գործադրման, բացառվում է։ Շատ տարօրինակ է, որ նման հայտարարություններ է անում ոչ միայն Սանասարյանը, այլ նաև նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, որը մշտապես դրական կարծիք է ունեցել ԱԱԾ-ի ու ԱԱԾ քննչական մարմնի գործելաոճի, օբյեկտիվության մասով։ Պարզապես տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ հենց պարոն Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց, ԱԱԾ-ն դարձավ «ԿԳԲ», իսկ ԱԱԾ քննիչները՝ գործ կարող, սարքող», նշել է Աղաջանյանը։
Նա նկատել է, որ Սանասարյանի փաստաբանի հայտարարությունները, թե քրեական գործը «կարված է, շինծու է», նշանակում է, որ ԱԱԾ-ում ապացույցներ են կեղծում և այլն։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի պնդմամբ` նման հայտարարություններում նշված հանգամանքները ծանր հանցագործություն են, հետևաբար փաստաբանը կարող է ծանր հանցագործության մասին հաղորդում տալ։
«Կարող են դատախազին ներկայացնել հաղորդում, որ ԱԱԾ-ում ծանր հանցագործություն է կատարվել և հարուցվի քրեական գործ, իրականացվի քրեական հետապնդում։ Այդ մարդիկ քաջատեղյակ են, որ նախազգուշացվելու են սուտ մատնության հանցանքի մասին, դրա համար չեն դիմում այդ քայլին ու ընտրում են հեշտ միջոցը՝ վարկաբեկել քննչական մարմինը, վիրավորել, զրպարտել», ընդգծեց պաշտոնյան։
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»: Իսկ ետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»: Այս գործով մեղադրյալ է նաև «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։