fbpx
Մշակույթ

Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում: Այս մասին հայտնում է  armtimes.com-ը

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրաշարժ, որ 1988 թ. տեղի էր ունեցել հենց դեկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ ծննդով գյումրեցի Բարրոն թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ…

«Արտերկրում բազմաթիվ եկեղեցիներում եմ մեներգել ու միշտ երազել եմ մենահամերգով հանդես գալ նաեւ այն եկեղեցում, որտեղի բույրը մանուկ հասակից առ այսօր հիշում եմ ու կարոտում: Դեկտեմբերի 7-ի համերգին երգեհոնով ինձ կնվագակցի Հարություն Թագվորյանը»,-նշում է Ադամ Բարրոն:

Նշենք, որ ծրագրում ներկայացված են հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կներկայացվեն առաջին անգամ: Միջոցառումը կրում է «30 տարի անց» խորագիրը: Ադամ Բարրոն առանձնահատուկ շեշտում է՝ շատ կարեւոր է, որ համերգին ներկա լինի նաեւ երիտասարդ սերունդը, քանի որ որպես մեր երկրի մշակույթի դեսպան ցանկանում է նաեւ իր փորձը կատարումների տեսքով փոխանցել երիտասարդ երգիչներին:

Տեղեկացնենք, որ մինչ Գյումրիի համերգն Ադամ Բարրոն Մոսկվայում հանդես կգա «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությանը՝ կատարելով Շառլ Ազնավուրի եւ Մարինե Ալեսի ստեղծագործությունները: Այնուհետեւ վերադառնալու է Փարիզ, ապա՝ հայրենիք: Առաջիկայում Բարրոն ելույթ կունենա նաեւ կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու 180-ամյակին նվիրված համերգին, ինչպես նաեւ երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրված երեկոյին:

Շուտով լույս կտեսնի Ադամ Բարրոյի՝ «Ավե Մարիա» ձայներիզը, որը ներառում է նաեւ մեկ հայկական «Ավե Մարիա»:

Հավելենք նաեւ, որ վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին է ավելացել եւս մեկը՝ Լոնդոնի «Ալբիոնի աստղերը» հեղինակավոր մրցույթից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ