Շատ վատ բան է, որ հայ զինվորները զոհվում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Վերջինս կոչ արեց չմոռանալ, որ նմանատիպ սպառազինությամբ հագեցած են նաև մեր զինված ուժերը։
«Խնդիրը խաղաղության հասնելն է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային հարց է և հակառակորդը չպետք է ունենա որոշակի առավելություն զինատեսակի առումով:
Հիմա շատ է նշվում, որ իրենց բյուջեում ավելի շատ հատկացումներ են, մերը քիչ է, բայց դուք մոռանում ենք, որ իրենց բյուջեի կառուցվածքը մի քիչ այլ է, քան մերը: Իրենք պահում են կովկասյան նավատորմ, որը չի մտնում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության շրջանակում: Եթե նայենք համամասնությունների մեջ, մենք կարծում եմ՝ մեր զինված ուժերի կառավարելիության աստիճանը բարձրացնում ենք: Մենք պետք է ձգտենք ավելիին, քան ունենք այսօր և դրան են միտված այսօրվա բոլոր քայլեր որոնք արվում են ՀՀ կառավարության կողմից՝ ԶՈՒ արդիականացման և կադրային համալրման առումով»,-ասաց Քոչարյանը:
Պարգամավորի կարծիքով բալանսը խախտված չէ․ Ադրբեջանը ավելի շատ զինատեսակներ է գնում, մենք այլ խնդիրներ ենք լուծում, որոնք Քոչարյանը չմեկնաբանեց։
«Ես կարծում եմ, որ մեր պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց մեր բանակի սպառազինության զեռքբերման հեռանկարների մասին: Դա պետք է բավարար լինի: Պետք է վստահենք նախարարի ասածներին, որովհետև նախարարը չի կարող չհիմնավորված որևէ նման տեղեկատվություն տալ»,-նշեց հանձնաժողովի նախագահը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը պետք է հասնի նրան, որ Ադրբեջանին զենք մատակարարելով չխախտվի բալանսը, ինչո՞ւ այդ հարցն օրակարգային չեք դարձնում ՀԱՊԿ-ի շրջանակներում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե Վաղարշակ Հարությունյանը նման տեսակետ է ասել, պետք է նրա փորձը, նրա կապերը այդ կառույցների հետ և տեղեկատվությունն ընդունենք ի գիտություն: Պետք է ուսումնասիրվի, թե Վաղարշակ Հարությունյանն ինչ նկատի ուներ, որովհետև ես նրա կողմից հնչեցրած այլ տեսակետներ էլ գիտեմ: Նրա հետ իմ շփումները խոսում են այն մասին, որ սպառազինության մրցավազքի առումով մենք մտահոգություններ ունենք, բայց ոչ այնպիսի սուր ընկալումներով, ինչպես դուք հնչեցնում եք»:
Նա ընդգծեց, որ այդ հարցը բոլոր հարթակներում ինչ-ինչ ձևաչափերով բարձրացվում է։
«ՀԱՊԿ-ում էլ, տարբեր հարաբերություններում էլ: ՀԱՊԿ ընդհանուր հարթակում այսօր այդ հարցը չի քննարկվում:
ՀԱՊԿ-ն իր ձևավորման ընթացքի մեջ է, գնում է ուժեղացման, հստակեցման գործընթացների իրականացմանը: ՀԱՊԿ-ն այսօր կարողանում է ձևավորել այն օրակարգը, որը վաղը կտա հնարավորություն բոլոր հարցերին ավելի հստակ պատասխաններ տալու, նույնիսկ կանխելու այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են աղետալի լինել ՀԱՊԿ անդամ կամ ոչ անդամ պետությունների հակամարտությունների շրջանակում»,-ասաց նա: