Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից քառորդ դար անց «Ալ-Քաիդան» դիմել է իր հիմնադրի տոհմական ժառանգությանը՝ փորձելով հաղթահարել իր պատմության մեջ ամենաերկարատև առաջնորդության ճգնաժամերից մեկը: Խմբավորման «Աս-Սահաբ» մեդիա հիմնադրամի կողմից թողարկված 52-րոպեանոց տեսանյութում, որը նվիրված է Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների 25-ամյակին, կրկին հայտնվել է Համզա բին Լադենը՝ խմբավորման հիմնադիր Ուսամա բին Լադենի որդին, որը երկար ժամանակ համարվում էր սպանված: Ինչպես նշում է հեղինակավոր Small Wars Journal պարբերականը, այս քայլը նպատակ ունի պահպանել ներքին համախմբվածությունը խիստ ապակենտրոնացված գլոբալ ցանցում:
«Սեպտեմբերի 11-ի արշավանքների քառորդ դարը» վերնագրով տեսանյութում Համզա բին Լադենը հայտնվում է երեք անգամ և ներկայացվում որպես «մուջահիդ շեյխ»: Հատկանշական է, որ տեսանյութը չունի անգլերեն թարգմանություն, ինչը հուշում է, որ դրա հիմնական լսարանը «Ալ-Քաիդայի» արաբախոս հենարանն է: Սա վերջին երեք ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ խմբավորումը կենդանացնում է Համզայի ձայնը, թեև ԱՄՆ պաշտոնական տվյալներով՝ նա սպանվել է 2019 թվականի հուլիսին Աֆղանստան-Պակիստան սահմանային գոտում իրականացված հակաահաբեկչական գործողության ժամանակ:
Առաջնորդության վակուումը և ստվերային էմիրը
Համզայի կերպարի վերակենդանացումն ուղղակիորեն կապված է «Ալ-Քաիդայի» առաջնորդության ճգնաժամի հետ: Խմբավորումն արդեն չորս տարի է, ինչ պաշտոնապես նոր էմիր չի նշանակել այն բանից հետո, երբ Այման ալ-Զավահիրին սպանվեց Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից: Թեև ՄԱԿ-ի պատժամիջոցների մոնիթորինգի խումբը որպես խմբավորման դե ֆակտո առաջնորդ նշում է Սեյֆ ալ-Ադելին, վերջինս ֆիզիկապես բացակայում է տեսանյութից, սակայն նրա ռազմավարական գրություններն ու գաղափարները գերիշխում են ողջ ուղերձում:
Ալ-Ադելը, որը խմբավորման ամենափորձառու հրամանատարներից է, նախընտրում է մնալ ստվերում, քանի որ պաշտոնական էմիրի կարգավիճակը նրան կդարձներ առաջնային թիրախ: Բացի այդ, նոր առաջնորդի պաշտոնական հռչակումը կպահանջեր տարածաշրջանային մասնաճյուղերի կողմից հավատարմության երդման (բայա) տրամադրում, ինչը ներկայիս պայմաններում կարող է ներքին պառակտումների հանգեցնել: Ալ-Ադելի կապերն Իրանի հետ նույնպես թուլացնում են նրա հեղինակությունը սուննի ծայրահեղականների շրջանում, ինչն ակտիվորեն օգտագործում է մրցակից «Իսլամական պետությունը»:
Խորհրանշական միասնության մարտավարությունը
Համզա բին Լադենի կերպարի առաջ մղմամբ «Ալ-Քաիդան» շրջանցում է այս կառուցվածքային խոչընդոտները: Որպես հիմնադրի որդի՝ նա ունի ժառանգական հեղինակություն, որն օգտագործելու համար պարտադիր չէ պաշտոնական երդման արարողությունը: Սա կենտրոնական ղեկավարությանը թույլ է տալիս ցուցադրել իրավահաջորդություն և լեգիտիմություն՝ առանց մասնաճյուղերին ստիպելու հրապարակայնորեն լուծել առաջնորդության հարցը:
Տեսանյութում ակտիվորեն միահյուսվում են Սեյֆ ալ-Ադելի ռազմավարական թեզերը և բին Լադենի անունը: Օգտագործելով Ռոբերտ Գրինի «Պատերազմի 33 ռազմավարությունները» գրքի վերլուծությունը՝ ալ-Ադելը պնդում է, որ Սեպտեմբերի 11-ի նպատակը ոչ թե ԱՄՆ-ի ֆիզիկական ոչնչացումն էր, այլ Վաշինգտոնին երկարատև արտաքին պատերազմների մեջ ներքաշելը և երկրի ներքին քաղաքական ու տնտեսական պառակտումը խորացնելը: Տեսանյութում ցուցադրվում են Քաբուլից ամերիկյան զորքերի տարհանման կադրերը, որոնք ներկայացվում են որպես այդ ռազմավարության հաղթանակ:
Նոր սերնդի հավաքագրումը
Բին Լադենի անվան շահարկումը նաև պատասխան է շարժման ներսում տեղի ունեցող ժողովրդագրական փոփոխություններին: 2001 թվականին ծնվածներն այսօր արդեն 25 տարեկան են, ինչը նշանակում է, որ հավանական նորեկների մի ողջ սերունդ չունի Սեպտեմբերի 11-ի կամ անձամբ Ուսամա բին Լադենի գործունեության կենդանի հիշողությունը:
Համզային իր հոր ժառանգության հետ կապելով՝ «Ալ-Քաիդան» փորձում է պատմությունը վերածել գործող գաղափարախոսության: Թեև ներկայիս մասնաճյուղերը գործում են ինքնուրույն և ֆինանսավորվում են տեղական աղբյուրներից, նրանք դեռևս կարիք ունեն հիմնադրման առասպելաբանության: Համզա բին Լադենի կերպարը ծառայում է որպես խորհրդանշական խարիսխ՝ մասնատված գլոբալ ցանցը միասնական պահելու համար:

