ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։
«Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները` հավելելով, որ միշտ ուրախ է ընդունել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի լավագույն բարեկամներին:
Նա գոհունակությամբ է անդրադարձել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կազմի ընդլայնմանը` նշելով, որ այն երկու երկրների միջև ամուր համագործակցության վկայությունն է:
- Ալեն Սիմոնյան այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան
- Ինչո՞ւ է ընդդիմությունը աշխատավարձ ստանում, ինչո՞ւ վայր չի դնում մանդատները․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանքներ է փոխանցել Սենատի նախագահ Ժերար Լարշեին` նշելով, որ երեսուն տարիների ընթացքում մեր երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական սերտ փոխգործակցություն:
Հանդիպմանը քննարվել է բարեկամության խմբերի կարևոր դերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և հարստացնելու գործում: ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտությամբ է հիշել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործուն մասնակցությամբ 2020թ. 44-օրյա պատերազմի, 2020թ. հուլիսի հայ-ադրբեջանական սահմանային բախումներ հրահրելու վերաբերյալ մի շարք դատապարտող բանաձևերի ընդունումը:
Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ:
Ֆրանսիական կողմը վերահաստատել է այդ հարցում իր գործուն աջակցությունը` հավելելով, որ երկրների մշակութային արժեքները համամարդկային ժառանգություն են:
Կողմերն անդրադարձել են 2021թ. նոյեմբերի 20-23-ին ՀՀ ԱԺ նախագահի` Ֆրանսիա կատարած այցի ընթացքում վերաստորագրված Ֆրանսիայի Հանրապետության Սենատի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրին, ինչն էլ ավելի է խորացնում արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական և գործնական հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: