Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր պաշտոնական էջում գրում է․
«Պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ
Այսօր մայրաքաղաք Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Պետքարտուղար Պոմպեոն ընդգծեց բռնությունները դադարեցնելու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը։
Պետքարտուղարը նաև շեշտեց հակամարտության կարգավորման նպատակով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքների վրա հիմնված առարկայական բանակցությունների վարման կարևորությունը կողմերի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»։


