ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ քայլեր է նախապատրաստում միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցությունների տապալման դեպքում, այդ հարցի շուրջ Վաշինգտոնը խորհրդակցում է իր գործընկերների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում են ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունից։
«Բանակցությունների վերջին փուլին Իրանի մոտեցումների պատճառով նախագահ Ջո Բայդենն ազգային անվտանգության հարցերով զբաղվող թիմին հանձնարարել է պատրաստ լինել դիվանագիտության ձախողմանը և դիտարկել գործողությունների այլ տարբերակներ։ Եվ այդ աշխատանքն ընթանում է, այդ թվում՝ ամբողջ աշխարհում մեր մի շարք գործընկերների հետ խորհրդակցությունների միջոցով»,- ասել է Փսակին։
Նա չի հստակեցրել, թե որոնք են լինելու ԱՄՆ-ի հետագա քայլերը՝ Վիեննայի բանակցությունների ձախողման դեպքում:
Վիեննայում օրերս ավարտվել է իրանական միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը: Բանակցողները որոշել են ընդմիջում վերցնել Սուրբծննդյան տոներին: Կողմերը հաստատել են, որ հետագա աշխատանքը կընթանա այն փաստաթղթերի հիման վրա, որոնք մշակվել են մինչև 2021 թ. հունիսը՝ բանակցությունների վեց փուլերը ընթացքում: