ԱՄՆ-ը ձգտում է աջակցել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը․ Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լրջորեն է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը և հանձնառու է խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման հարցում կողմերին օգնելու ձգտմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։

«Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև կայացել են հանդիպումներ առաջնորդների և ԱԳ նախարարների մակարդակով։ Կողմերը շփման գծում լարվածության նվազման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարերի՝ վերջերս կայացած հանդիպմանը ձեռք են բերվել գոհացուցիչ համաձայնություններ»,- ասել է Քենթը։

Անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման հնարավոր անցկացմանը՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է․

«Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, չեմ կարող ասել, որ տեղը որոշել ենք։ Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում իր պարտականություններին։ Մենք ցանկանում ենք աջակցել գործընթացին, որը կտանի հակամարտության խաղաղ կարգավորման։ Մենք հանձնառու ենք մնում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու ձգտմանը»,- նշել է նա։

Ամենաթարմ