fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված շուշանի թթուն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության։

Հաշվի առնելով այս հիվանդության ծանր ընթացքը, ինչպես նաև հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
Հիշեցնենք, որ բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է: Հիվանդության հարուցիչը արտաքին միջավայրում է՝ հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Տնային պայմաններում հնարավոր չէ ոչնչացնել հարուցիչը։

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ