fbpx
Ժամանց

Աննա Կարինա և Ժան-Լուկ Գոդար. Նոր ալիք և հետաքրքիր սիրո պատմություն

1959 թ. ին ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Լուկ Գոդարը առաջին անգամ նկատում է 17-ամյա Աննա Կարինային Պալմոլիվ օճառի գովազդում։ Այդ ընթացքում Գոդարը պատրաստվում էր նկարահանել իր շատ հայտնի Breathless ( À bout de souffle, Շնչակտուր ) ֆիլմը և որոշեց առաջարկել Կարինային երկրորդական դեր, որտեղ նա պետք է մերկանար։ Կարինան հրաժարվեց այդ դերից, բայց 3-4 ամիս անց Գոդարը նրան առաջարկեց նկարահանվել գլխավոր դերում իր քաղաքական՝ Le Petite Soldat ֆիլմում, և դերասանուհին ընդունեց այդ առաջարկը։

Նկարահանման ընթացքում թե՛ Աննան, թե՛ Գոդարը չէին կարողանում կտրել հայացքները միմյանցից։ Մի օր Ժնևում, նկարահանման խմբին հրավիրում են ընթրիքի և Աննային ուղեկցում է իր ընկերը։ Չնայած նրան, որ Աննան հարաբերությունների մեջ էր՝ այդ երեկո Գոդարը Աննային մի փոքր թղթի կտոր է փոխանցում, որտեղ գրված էր իր սիրո մասին և կեսգիշերին սրճարանում հանդիպելու առաջարկ։ Աննան, իհարկե, ապշած լինելով այդ ամենից՝ միևնույն է համաձայնվում է և այդ օրվանից ի վեր նրանք լինում են միասին։ Նրանք ամուսնանում են 1961 թվականի մարտին, բայց ամուսնությունը տևում է մինչև 1964 թ.։

Այս միությունը շատ տարօրինակ, անհավասար դինամիկա ունեցող միություն էր։ Գոդարը կարծես փորձում էր կառավարել կնոջ որոշումները, կյանքը և այլն։ Նա երբեմն առանց որևէ զգուշացման անհետանում էր երեք շաբաթով և այդ ամենով տանջում երիտասարդ Կարինային։ Նա չէր սիրում, երբ Աննան ուրիշ ռեժիսորների ֆիլմերում էր նկարահանվում, փոխարենը միշտ ցանկանում էր, որ միայն իր ֆիլմերում նկարվի։

Չնայած այդ ամենին՝ նրանց պատմությունը մեծ սիրո պատմություն է, որի արդյունքում նաև ստեղծվել են կինոյի պատմության մեջ ամենաանժամանակ ֆիլմերը. A Woman is a Woman, Pierrot le Fou, My Life to Live, Band of Outsiders, Alphaville և այլն։

Այդ տարիների ընթացքում Աննա Կարինան նկարահանվում է Գոդարի 7 ֆիլմերում, որոնցից յուրաքանչյուրը մեծ հաջողության է հասնում և պատմության մեջ գրանցվում, որպես ֆրանսիական կինոյի նոր ալիք (Nouvelle Vague):

Այս ֆիլմերը նոր, ժամանակակից ոճ և շունչ են բերում ֆիլմերի աշխարհ։

Աննա Կարինան Գոդարի ոչ միայն ամբողջ կյանքի սերն է լինում, այլև մուսան։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ