Իրանական բոլոր անօդաչուները իրենց առաքելությունն իրականացնելուց հետո բարեհաջող վերադարձել են բազա, ասել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազ Շեկարչին: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։
«Հակառակ Թրամփի զառանցական և անհիմն հայտարարությունների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող բոլոր անօդաչու սարքերը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, ներառյալ ԱՄՆ նախագահի հիշատակածը, անվնաս վերադարձել են իրենց բազաներ նախատեսված վերահսկողական գործողությունների իրականացումից հետո»,- ասել է Շեկարչին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունն ուղղված է Հորմուզի նեղուցում լարվածություն ստեղծելուն։
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավը խփել է իրանական անօդաչու սարք Հորմուզի նեղուցում՝ ընդգծելով, որ իրանական անօդաչու սարքը անմիջապես ոչնչացվել է, իսկ Պենտագոնն ասել է, որ իրանական անօդաչուն ամերիկյան նավի համար վտանգավոր գոտում էր։ Իրանի տարբեր պաշտոնյաներ արդեն հերքել են այս հայտարարությունները։