Առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գաղափարն այսօր հետաքրքրություն չի առաջացնում դաշինքում: Այս հայտարարությունը, ինչպես հաղորդում է Грузия Online-ը, Facebook սոցիալական ցանցում արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ այդ արաջարկությունը ժամանակին է արված՝ նկատի առնելով ներկայիս անվտանգության միջավայրը:
«Ըստ իս՝ այսօր այդ հարցի քննարկումը իմաստ չունի: Ես ՆԱՏՕ-ում հետաքրքրվածություն չեմ տեսնում այդ հարցի նկատմամբ: Ես նաև չեմ հավատում, որ ներկայիս միջազգային անվտանգության պայմաններում այդ գաղափարը արդիական է: ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպանությունն ակտիվորեն պաշտպանում է ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում և ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում նախաձեռնությունը, որը հստակ ու կոնկրետ գաղափարներ է ներառում:
ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհուրդը շատ շուտով կլինի Վրաստանում, որպեսզի քննարկի մեր համագործակցության խորացման ուղիները»,-գրել է Ապաթուրայը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Վրաստանի իշխանություններին հարկավոր է քննարկել դաշինքին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի անդամակցելու հարցը:
«Եթե Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի ապագա անդամը, դուք պետք է շարունակեք ժողովրդավարության բարեփոխումները, պայքարեք կոռուպցիայի դեմ, ապահովեք խոսքի ազատությունը և փոքրամասնությունների պաշտպանությունը… Ես կարծում եմ, որ դուք պետք է բանավեճեր սկսեք այն հարցի շուրջ, թե ձեզ համար ընդունելի կլինի արդյոք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի: Այդ որոշումը պետք է ընդունի Վրաստանը, ինչից հետո որոշման մասին հարկավոր է ծանուցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Ռասմուսենը Թբիլիսիում ընթացող միջազգային խորհրդաժողովում:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Օթար Կախիձեն հետաքրքրական է համարել Ռասմուսենի առաջարկությունը:
Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք է քննարկեն այդ հարցը: Դրա հետ մեկտեղ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին հայտարարել է, որ դա բավականին բարդ թեմա է:
«Գոյություն ունեն հարցեր, որոնք քննարկում են պահանջում: Անհրաժեշտ է ընդհանուր փոխհամաձայնություն, լրացուցիչ մեկնաբանություններ դա չի պահանջում: Ո՛չ մենք, ո՛չ մի քաղաքական ուժ չի հրաժարվի այդ տարածքներից… Միջազգային ցանկացած կազմակերպություն Վրաստանի ընդունումը պետք է տեղի ունենա այն սահմաններով, որոնք ճանաչում է միջազգային հանրակցությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն»,- հայտարարել է Վոլսկին լրագրողներին: