fbpx
Խորհրդարան

Ապրել փակ տնտեսությա՞մբ, երբեք փորձ չարվի՞ սահմանների բացման շուրջ խոսել․ Բադասյան

Գորիս-Կապան ճանապարհին հայկական կողմն արդեն իսկ տեղակայել է մաքսակետ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ Տաթևի նորակառույց ճանապարհով բեռնատարները նորմալ երթևեկում են, և շատ գոհ են այլընտրանքային այդ ճանապարհից. «Արձանագրվում են նաև որոշ խնդիրներ, որոնք մենք մեր իրանցի գործընկերոջ հետ հնարավորություն ունենք քննարկելու: Ես երեք անգամ երթևեկել եմ այդ ճանապարհով և երեք անգամ էլ համոզվել եմ, որ բեռնատարները, ընդ որում՝ ամենամեծ ծավալ ունեցողները, անցնում են այդ ճանապարհով: Եթե հետևեք ՏԿԵ քաղաքականությանը, խոսվում է նաև նոր ճանապարհի մասին, որը կմիանա, և այդ ոլորաններն ընդհանրապես կշրջանցվեն միանգամից Լծեն գյուղի մոտ»:

ՊԵԿ նախագահը նշեց, որ հայկական կողմն իրանական 0 մեքենա է կորցնում: «Որովհետև բոլոր մեքենաները մուտք են գործում ՀՀ սահման Մեղրի անցակետով»,- նշեց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ փաստորեն իրենք են գումար կորցնում, եթե նախընտրում են ադրբեջանական հատվածով անցնել, Բադասյանը դրական պատասխան տվեց:

Անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերություններին և սահմանի բացմանը՝ Բադասյանը նշեց՝ սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան՝ փակ։

«Կարծում եմ՝ դա անվիճելի է։ Այն տնտեսական ակտիվությունը և առևտրաշրջանառությունը, որ լինում են բաց սահմանների պարագայում, չի կարելի ակնկալել փակի պարագայում»,- կարծում է ՊԵԿ նախագահը:

Հարցին՝ արդյոք վտանգ չկա՞, որ թուրքական կապիտալի ներհոսք կլինի Հայաստան, Բադասյանը պատասխանեց. «Եթե դա դիտարկվում է որպես ռիսկ, փոխարենն ի՞նչ է առաջարկվում. ապրել փակ տնտեսությա՞մբ, երբեք փորձ չարվի՞ սահմանների բացման շուրջ խոսել: Բնականաբար, խոշոր տնտեսությունների ներկայացվածությունն ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում ամբողջ աշխարհում, այսինքն՝ մենք ի՞նչ վախերով ապրենք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ