fbpx
Երևան

Արաբկիր նախագիծ ՓԲԸ-ն լուծարվեց. Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում աշխատել է վնասով

Երևանի ավագանու նիստում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ներկայացրեց Երևանի «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ը լուծարման ավագանու որոշումը:

Նա նշեց, որ Արաբկիր նախագիծ ՓԲԸ-ը հիմնադրվել է 2009 թվականին և 2011 թվականի ավագանու որոշմամբ կառավարման լիազորությունները պատվիրակվել են վարչական շրջանի ղեկավարին: Նրա հավաստմամբ՝ ընկերությունը հիմնականում զբաղվել է նախագծային և նախահաշվային աշխատանքների կատարմամբ:

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ ընկերության աշխատավարձային ֆոնդը քիչ է նախատեսված եղել և որևէ որակյալ ճարտարապետ չէր համաձայնի աշխատել այդ աշխատավարձով, որը հարկերը ներառյալ 130 հազար դրամ է կազմում, մինչդեռ ճարտարապետի առկայությունը պարտադիր է եղել ընկերությունում։

«Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով 1.5-2 տոկոս, ընդամենը 2019 թվականին է ընկերությունն իր շահույթը բարձրացրել 20 տոկոս: Ընդհանուր բաժնետիրականության մասին օրենքով, երբ բաժնետիրական ընկերությունը երկու կամ ավել տարիներ իր կանոնադրական կապիտալի նկատմամբ բացասական ցուցանիշներ է ցույց տվել՝ օրենքի ուժով պարտավոր է գնալ լուծարման»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության Երևանի ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ են սկսվել ընկերության գործունեության շուրջ աշխատանքները, Արամ Դանիելյանը պատասխանեց, որ ընկերության ցուցանիշները վերլուծելուց հետո որոշակի նամակագրություն են ունեցել տարբեր վարչությունների հետ և եկել են այն եզրահանգման, որ ընկերությունը պետք է լուծարվի:

Նա նշեց, որ ընկերությունը մասնավորին վաճառելու մտադրություն է եղել, սակայն ընկերության գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ՝ քրեական գործ է հարուցվել տնօրենի կատարած աշխատանքների վերաբերյալ:

«Ընկերությունը հունվարից 2 աշխատակից ուներ՝ տնօրեն և հաշվապահ և նրանց աշխատավարձերը, հարկային պարտավորությունները և դրանք չկատարելու պատճառով առաջացող տոկոսները բեռ են Երևան համայնքի վրա և նպատակահարմար է լուծարել և օր առաջ գործունեությունը դադարեցնել»,- ընդգծեց Արամ Դանիելյանը՝ հավաստիացնելով, որ ընկերության աշխատողներին տեղավորել են այլ աշխատավայր:

Որոշումը միաձայն ընդունվեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ