Կրթություն
10:00 03/03/2020

Առաջարկվում է բարձրացնել ասպիրանտների կրթաթոշակը․ նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ բարձրացնել առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները: Առաջարկն արդեն ստացել է ֆիննախի հավանությանը:

Ըստ նախագծի՝ հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների դեպքում կրթաթոշակը կկազմի 65.000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների դեպքում՝ 60.000, տնտեսագիտականի և իրավաբանականի պարագայում՝ 55.000: Դոկտորանտները կստանան 65.000 դրամ:

Այսօր հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների դեպքում ասպիրանտներն ստանում են 30.000 դրամ կրթաթոշակ, բնագիտական և այլ մասնագիտությունների դեպքում՝ 25.000, տնտեսագիտականի և իրավաբանականի ասպիրանտները՝ 20.000, իսկ դոկտորանտների կրթաթոշակը կազմում է 30.000 դրամ:

Համապատասխան նախագիծը՝ «ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», այժմ հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft):

ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ նախագիծը մինչև ապրիլի սկիզբ ընդունված կլինի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ