ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում առաջին բուժօգնությունն է տրամադրվել։
«Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում։ Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում պացիենտին»– գրել է Թորոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարը նաև մանրամասներ է ներկայացրել․
«Այսօր` ժ. 12:22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի կաթվածի նյարդաբանը զանգ է ստացել շտապօգնության բժշկից սուր կաթվածի դեպքի վերաբերյալ:
Հիվանդը տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:55-ին, դեմքի աջ կեսի և աջ վերջույթների թուլությամբ, թմրածությամբ, խոսքի և տեսողության խանգարումներով: Ախտանշաններն ի հայտ են եկել 3 ժամ անց: Շտապ գնահատվել է հիվանդի նյարդաբանական դեֆիցիտը, կատարվել են լաբորատոր քննություններ, գլխուղեղի ԿՏ քննություն, ԿՏ անգիոգրաֆիա:
Հիվանդանոց ժամանելուց 35 րոպեի ընթացքում սկսվել է հիվանդի թրոմբոլիտիկ բուժումը:
Արդեն 2 ժամվա ընթացքում հիվանդի նյարդաբանական վիճակում գրանցվել է նկատելի դրական տեղաշարժ` դեմքի և վերջույթների թուլության և թմրածության լիարժեք վերականգնում, խոսքի և տեսողության նկատելի լավացում: Ներկայումս հիվանդի վիճակը կայուն է, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմի հսկողության տակ»։