ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ:
Հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ժամանկահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը:
Սենատի նախագահը նշել է, որ Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում:
Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-նիդերլանդական օրակարգի առաջխաղացման վերաբերյալ:
Ավելի ուշ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիդերլանդների Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զարգացման համագործակցության հանձնաժողովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, մարդու իրավունքներին և միգրացիային առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արցախյան հիմնախնդրին և Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հնարավոր աջակցությանը:
Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից: