fbpx
Արցախ

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության․ Բակո Սահակյան

«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով անցկացվող Արցախի բարեկամների համաժողովում քննարկվելիք թեմաներն առնչվում են մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին, և նման ձևաչափը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել իրականությունը, նախանշել ու հստակեցնել անելիքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովի բացմանն ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:

«Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ ներկայացնել Արցախի Հանրապետության պետականաշինության տեսլականը և մեր արտաքին քաղաքական հրամայականները, ինչը յուրահատուկ ուղենիշ է հանդիսանում նաև ձեր աշխատանքում: Անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը: Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»- մասնավորապես նշել է Բակո Սահակյանը:

Խոսելով բանակցային գործընթացից՝ Հանրապետության Նախագահն վերահաստատել է, որ Արցախը կողմնակից է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

«Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով: Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները: Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ: Արտաքին քաղաքական ասպարեզում պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների և նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

ԱՀ Նախագահը նշել է, որ յուրաքանչյուր ժամանակահատված առաջադրում է նոր խնդիրներ, պահանջում է տարբեր մարտահրավերների դիմակայելու ռազմավարության և մարտավարության հստակեցում ու ճշգրտում: Այստեղ առանցքային դերակատարություն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը, Արցախի և նրա բարեկամների միջև մշտական գործնական կապերի ամրապնդումը: Անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ