Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին

Ամենադիտվածներ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը գործընկերոջ հետ քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարարի խոսքով՝ ներկայիս կառավարությունը կրում է Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը՝ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ:

«Կառավարության նոր ծրագրում հատուկ տողով արձանագրված է Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը ՄԻԵԴ վճիռների կատարումն ապահովելու ուղղությամբ»,- ասել է նախարար Զեյնալյանը՝ միաժամանակ հավելելով, որ թեև Հայաստանը ԵԽ-ում լավ դիրքեր է զբաղեցնում ՄԻԵԴ վճիռների կատարման ասպարեզում, սակայն այս Կառավարությունն այդ ձեռքբերմամբ չի բավարարվելու և անելու է հնարավորը առավելագույն արդյունք գրանցելու համար:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն, ընթացքի մեջ են, և, կառավարության ու օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, քննարկվել են դրա շարունակականության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանասավորվող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մի շարք հարցերին:

Ամենաթարմ