fbpx
Աշխարհ

Ալյասկայում բևեռային արջը սպանել է կնոջ և տղայի

Բևեռային արջը հարձակվել է Ալյասկայի արևմուտքում գտնվող հեռավոր բնակավայրերից մեկի բնակիչների վրա և սպանել երկու մարդու: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Ըստ լրատվամիջոցի՝ Ալյասկայի նահանգային զորքերը հայտնել են, որ հարձակման մասին հաղորդում են ստացել տեղի ժամանակով ժամը 14:30-ին Սյուարդ թերակղզու արևմտյան ծայրում գտնվող Ուելս քաղաքից:

«Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ բևեռային արջը ներխուժել է համայնք և հետապնդել բազմաթիվ բնակիչների: Արջը հարձակվել է և սպանել չափահաս մի կնոջ և անչափահաս մի տղայի», – գրել են զինվորականները։

Հաղորդվում է, որ արջին կրակել և սպանել է տեղի բնակիչներից մեկը, երբ նա հարձակվել է կնոջ և տղայի վրա:

Սպանված երկու անձանց անունները չեն հրապարակվում։

Ուելսը փոքր, հիմնականում ինուպիատներով (խմբ.՝էսկիմոսական ժողովուրդ) բնակեցված գյուղաքաղաք է, որտեղ բնակվում է մոտ 150 մարդ: Այն գտնվում է Նոմից 160 կմ հյուսիս-արևմուտք:

Գործակալությունը նշում է, որ Ալյասկայի նորագույն պատմության մեջ բևեռային արջի մահացու հարձակումներ հազվադեպ են եղել: 1990 թ.-ին սպիտակ արջը սպանել էր մի տղամարդու Ուելսից ավելի հյուսիս՝ Փոյնթ Լեյ գյուղում: Ավելի ուշ կենսաբանները հայտնել էին, որ կենդանու մոտ սովի նշաններ կային:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության գիտնականները, որոնք զբաղվում են Ալյասկայի ուսումնասիրությամբ, 2019 թ.-ին հայտնաբերել էին, որ ծովի սառույցի բնական միջավայրի փոփոխություններին զուգահեռ փաստեր են ի հայտ եկել, որ բևեռային արջերն ավելի շատ են օգտագործում ցամաքը, ինչն էլ մեծացնում է նրանց հետ հանդիպելու հավանականությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ